Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայողներից 5-ը տեղափոխվել են հիվանդասենյակ

Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայողներից 5-ը տեղափոխվել են հիվանդասենյակ

PanARMENIAN.Net - ԼՂՀ–ում սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորված զինծառայողներից հինգը տեղափոխվել են հիվանդասենյակ, զինվորներից երկուսն այս պահին գտնվում են Վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնել են Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից։

Նշվում է, որ զինծառայողներն ապաքինվում են, սակայն նրանցից երկուսի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր, իսկ մնացած հինգի վիճակը միջին ծանրության է:

Սեպտեմբերի 25-ին` ժամը 17:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը: ՊԲ մամուլի ծառայության փոխանցմամբ, բեկորային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Նորայր Միքայելի Խաչատրյանը (ծնված 1995թ.), Ռոբերտ Սուրենի Մկրտչյանը (ծնված 1995թ.), Հարութ Մաքսիմի Հակոբյանը (ծնված 1997թ.) և Կարեն Գևորգի Շահինյանը (ծնված 1997թ.): Կան վիրավորներ:

Սեպտեմբերի 24-ի երեկոյան Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի գնդակոծության հետևանքով զոհվել էր երեք կին, ևս չորս գյուղացի վիրավորվել էին: Զոհվածներն են 83-ամյա Պայծառ Աղաջանյանը, 94-ամյա Շուշան Ասատրյանը, 41-ամյա Սոնա Ռևազյանը: Սեպտեմբերի սկզբին Ադրբեջանը մի քանի օր ինտենսիվ գնդակոծության է ենթարկել հայկական գյուղերը՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ, զենիթային թնդանոթներ, նռնականետներ, ականանետներ, 107-մմ ռեակտիվ հրետանային կայանքներ: Բացի զինծառայողներից, գնդակոծությունների ընթացքում վիրավորվել է նաև հինգ խաղաղ բնակիչ: Բացի այդ, զգալի վնաս է հասցվել բազմաթիվ բնակելի տներին ու համայնքային նշանակության շինություններին: Սեպտեմբերի 24-ին հայկական բանակի պատասխան գործողություններում ոչնչացվել է Պառավաքար գյուղի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական մարտական հենակետը, զոհվել էր հինգ ադրբեջանական զինվոր:

Վերջին շրջանում իրադրությունը թե հայ-ադրբեջանական սահմանին, թե ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարված է:Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպմանը նշել է՝ Ադրբեջանի կողմից իրադրության հետևողական սրման, մեծ տրամաչափի զինատեսակների, մասնավորապես հրետանու կիրառման, խաղաղ բնակավայրերի հրետակոծման պայմաններում ՀՀ զինված ուժերին և ԼՂՀ պաշտպանական բանակին այլ բան չի մնում, քան դիմելու ռազմական և ռազմաքաղաքական այնպիսի գործողությունների, որոնք հակառակորդին կստիպեն հրաժարվել ուժի կիրառման մտադրություններից, կթոթափեն անպատժելիության և սեփական գերազանցության պատրանքը և նրան կվերադարձնեն խաղաղ բանակցային սեղանի շուրջ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---