Շարմազանով. Նախագահի ԱՄՆ այցն արդյունավետ էր, ելույթն էլ՝ համահայկական առաջնորդի ելույթ

Շարմազանով. Նախագահի ԱՄՆ այցն արդյունավետ էր, ելույթն էլ՝ համահայկական առաջնորդի ելույթ

PanARMENIAN.Net - Ադրբեջանն է, որ իր ահաբեկչական գործունեությամբ փակուղի է տանում բանակցությունները և չի ցանկանում մոնիթորինգ իրականացնել շփման գծում: Այս մասին ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետո լրագրողներ հետ ճեպազրույցում հայտարարել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը` անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան ելույթի հիմնական դրույթներին: ՀՀԿ նիստը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, հայտնում է Panorama.am-ը:

Շարմազանովը մեջբերել է այն հայտարարությունը, թե հենց Ադրբեջանի ղեկավարն է արհամարհում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների 5 հայտարարությունը՝ ավելացնելով, որ եթե միջազգային իրավունքը, միջազգային հանրությունը և համանախագահները չեն կարող սանձել Ադրբեջանին, որպեսզի նա վերադառնա դեպի կառուցողական հուն, ապա Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ՀՀ և ԼՂՀ քաղաքացիների անվտանգության երաշխավոր, օգտվելով իր բոլոր իրավական և ռազմաքաղաքական հնարավորություններից, կստիպի հակառակորդին, որպեսզի նա հարգի խաղաղությունը:

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է. « ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնեք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»:

Խոսելով նախագահի ելույթի՝ տարածաշրջանային շեշտադրումների մասին, ՀՀԿ խոսնակն ասել է. «Տեսանք խաղաղություն քարոզող առաջնորդի ելույթ, տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում սրվող իրավիճակով մտահոգ առաջնորդի ելույթ»:

Հարցին, թե ինչ հարցեր է քննարկել Սերժ Սարգսյանը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ, ՀՀԿ խոսնակը պատասխանել է, որ հանդիպումը երկար չի տևել, դրանում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող հարցեր:

«Մենք դրական ենք գնահատում ԱՄՆ, ինչպես նաև համանախագահող երկրների ջանքերը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, բայց հայ-ամերիկյան հարաբերությունները ավելի լայն են, քան միայն Ղարաբաղյան խնդիրը, ուստի մենք շահագրգռված ենք, որ մեր ամերիկացի գործընկերների հետ այսուհետ ևս խորացնենք հարաբերությունները»,- ընդգծել է Էդուարդ Շարմազանովը:

Նա նաև նշել է, որ ԳՄ նիստում ՀՀ նախագահը ներկայացրել է ԱՄՆ կատարած այցի այլ մանրամասները և շեշտել, որ այն արդյունավետ էր. «Թե՛ այցը, թե՛ հանդիպումները, թե՛ ելույթները ցույց տվեցին, որ համահայկական առաջնորդի ելույթ էր և այց, և տարածաշրջանային խնդիրներով մտահոգված առաջնորդի ելույթ»:

Շարմազանովի խոսքով, նախագահն իր ելույթում հստակ նշել է, որ Ցեղասպանության միջազգային դատապարտումը չի ավարտվում 100-րդ տարելիցով:

«Մենք շարունակելու ենք մեր ջանքերը ներդնել ընդդեմ ցեղասպանության երևույթի և հանուն ժխտողականության դեմ պայքարի»,- ասել է ՀՀԿ խոսնակը:

Նախագահը ՄԱԿ-ում ունեցած իր ելույթում հայտարարեց, որ ցեղասպանությունների կանխարգելումը միջազգային օրակարգում պահելու ՀՀ հաստատակամության մասին են վկայում Մարդու իրավունքների խորհրդում պարբերաբար առաջադրվող բանաձևերը, որոնցից վերջինն ընդունվել է այս տարի: Դրա հիման վրա էլ օրեր առաջ այս վեհաժողովը դեկտեմբերի 9-ը հռչակեց «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր»:

Կարդացեք նաև. Սարգսյանը՝ ՄԱԿ-ում․ Ընտրություն չկա, իրավական և ռազմաքաղաքական քայլերի կդիմենք՝ ապահովելու ՀՀ և ԼՂՀ անվտանգությունը

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---