ԵԽ-ն դուրս կգա մարդու իրավունքների հարցերով Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից

ԵԽ-ն դուրս կգա մարդու իրավունքների հարցերով Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից

PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհուրդը դուրս է գալիս մարդու իրավունքների հարցերով՝ Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից: Այս մասին հայտարարել է ԵԽ գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակը:

«Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը հոկտեմբերի 7-ին նախարարների կոմիտեին տեղեկացրել է մարդու իրավունքների հարցերով՝ Ադրբեջանի հետ համատեղ աշխատանքային խմբից դուրս գալու իր որոշման մասին: 2014-ի հոկտեմբերից ԵԽ ներկայացուցիչը ներկա է եղել Բաքվում տեղի ունեցած հանդիպումներին, որոնք միտված էին Ադրբեջանի քաղաքացիական հասարակության և իշխանությունների միջև երկխոսության վերականգնմանը: Չնայած այդ նախաձեռնություններին՝ երկրում իրավապաշտպանների հետ կապված ընդհանուր դրությունը վատթարացել է», - մասնավորապես ասված է հայտարարության մեջ:

Դեռ 2014-ի հոկտեմբերի 22-ին ադրբեջանական քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ դիմել են ԵԽ գլխավոր քարտուղար Յագլանդին և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Անն Բրասերին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող իրավիճակի կապակցությամբ, Contact.az-ին հղումով գրում է Civilnet.am-ը:

35 ակտիվիստի ստորագրությամբ կոչում նշված էր, որ մարդու իրավունքների հարցերով աշխատանքային խումբը կազմված է հիմնականում կառավարական պաշտոնյաներից, խորհրդարանի անդամներից և իշխանամետ ՀԿ-ների ներկայացուցիչներից:

Ակտիվիստների կոչը, սակայն, անտեսվել է:

Եվրախորհրդարանը սեպտեմբերի 10-ի նիստում Ադրբեջանում լրագրողների ու ակտիվիստների հիմնարար ազատությունների ու իրավունքների խախտումները դատապարտող բանաձև է ընդունել: Բանաձևի տեքստում հիշատակվում է մարդու իրավունքների աղետալի վիճակն Ադրբեջանում, նշվում է քաղաքացիական հասարակության, լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ գործադրվող ճնշումների մասին։

Եվրախորհրդարանի փաստաթուղթը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին կատարել Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի առաջ ստանձնած պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում, կատարել այդ կազմակերպությունների խորհուրդները՝ իրավիճակի բարելավման համար, ավելի ժողովրդավար նախընտրական միջավայր ստեղծել։

Բազմաթիվ միջազգային կառույցների կողմից Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---