Նալբանդյան. Պատերազմի դեպքում ՀՀ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը

Նալբանդյան. Պատերազմի դեպքում ՀՀ-ն կարող է ճանաչել Արցախի անկախությունը

PanARMENIAN.Net - Եթե ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններն այլևս չշարունակվեն, և խոսք գնա պատերազմական գործողությունների մասին, Հայաստանը կձեռնարկի համապատասխան քայլեր, ներառյալ՝ ԼՂՀ անկախության ճանաչումն ու ԼՂ անվտանգության երաշխիք լինելու համար անհրաժեշտ մյուս քայլերը։

Այդ մասին Ազգային ժողովի և կառավարության միջև հերթական հարց ու պատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, պատասխանելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի հարցին:

Արտգործնախարարը նշեց նաև, որ Մինսկի խմբի համանախագահներն արդեն ուղղորդված ու հասցեագրված հայտարարություններ են անում այն մասին, թե ով է այդ հրադադարի խախտման պատճառն ու նշում, որ պետք է անպայման ստեղծվի հրադադարի խախտման հետաքննության մեխանիզմ։ «Ընդ որում, նրանք հայտարարում են, որ Հայաստանը համաձայնվում է այդ մեխանիզմի ստեղծմանը, իսկ Ադրբեջանը՝ հրաժարվում։ Այսինքն, դրանով ասում են, որ հրադադարի խախտման և միջադեպերի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է Ադրբեջանի վրա», - շեշտեց Նալբանդյանը։

Նա հիշեցրեց, որ նախօրեին նաև Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոյսը եւ կոնգրեսական Էնգելը նամակ են գրել Ջեմյս Ուորլիքին, կոչ անելով հավելյալ ջանքեր գործադրել հրադադարի ամրապնդման իմաստով։ Ըստ Նալբանդյանի, խոսքը գնում է նաև հրադադարի ռեժիմի խախտման վերահսկողության մեխանիզմի ստեղծման մասին: «Եռանախագահների նախաձեռնությանը աջակցել են ոչ միայն միջազգային կառույցները, այլեւ տարբեր խորհրդարաններ, այդ թվում՝ ամերիկյան Կոնգրեսը, որը բաց նամակ է գրում այդ հարցի շուրջ։ Այսօր Ուորլիքն արձագանքել է՝ նշելով, որ ինքը միանգամայն ողջունում է այդ նախաձեռնությունը», - ասել է Նալբանդյանը, ընդգծելով, որ Երևանը նույնպես ողջունում է առաջարկը:

ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության հավանականությունը մեկնաբանելով, Նալբանդյանը նշեց, որ խոսակցություններն ընդամենը ենթադրվող իրավիճակի մասին են, կառույցն այսօր այդպիսի հարց չի քննարկում։ «Այդպիսի որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով», - շեշտել է նա։

Վերջին շրջանում իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարված է: Սեպտեմբերի 24-ին հայկական գյուղերի հրետակոծման ընթացքում զոհվել է երեք կին, սեպտեմբերի 25-ին ադրբեջանական զինուժի կողմից թուրքական արտադրության TR-107 կայանքներից հրթիռահրետանային արկակոծման է ենթարկվել ԼՂՀ ՊԲ-ի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասը, որի հետևանքով զոհվել են չորս զինծառայող, վիրավորվել 16-ը:

Ընդհանուր առմամբ սեպտեմբեր ամսում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 4000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 60.000 կրակոց, այդ թվում՝ 60 մմ ականանետից (1566 արկ), 82մմ ականանետից (733 արկ), 120մմ ականանետից (51 արկ), ՌՊԳ-7 տիպի նռնականետից (54 արկ), ՀԱՆ-17 տիպի նռնականետից (828 արկ), ՍՊԳ-9 տիպի նռնականետից (9 արկ), TR-107 հրթիռահրետանային կայանքից (168 արկ) և 122մմ Դ-30 հաուբից հրանոթից (30 արկ):

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---