Ադրբեջանի դատարանը լրագրող Իսմայիլովայի դատավճիռն ուժի մեջ է թողել

Ադրբեջանի դատարանը լրագրող Իսմայիլովայի դատավճիռն ուժի մեջ է թողել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի դատարանն ուժի մեջ է թողել լրագրող Խադիջա Իսմայիլովայի դատավճիռը։

Այդկերպ դատարանը մերժել է լրագրողի պաշտպանության բողոքը դատավճռի վերաբերյալ: Իսմայիլովան հերքում է իր մեղքը՝ դատավճիռը համարելով քաղաքականապես մոտիվացված, BBC-ի ռուսական ծառայությանը հղումով գրում է Tert.am-ը:

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն սեպտեմբերի 1-ին 7,5 տարվա ազատազրկման է դատապարտել «Ազատություն» ռադիոկայանի ադրեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովային՝ զրպարտության, հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրական գործունեության և իշխանության չարաշահման մեղադրանքներով:

Իսմայիլովան հերքում է մեղադրանքները՝ պնդելով, որ իր դեմ հարուցված քրեական գործը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է իր հետաքննական հրապարակումների հետ:

Իսմայիլովան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքին պատկանող բիզնեսների վերաբերյալ հետաքննություններ է անցկացրել և գրել երկրի բարձրաստիճան պաշտոնյաների կոռումպացված լինելու մասին: Ձերբակալվել էր 2014-ի դեկտեմբերի 5-ին՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով: Սակայն փետրվարի 13-ին դատախազությունը նրան մեղադրանք է ներկայացրել ևս 3 հոդվածով՝ խոշոր չափի յուրացումներ, անօրինական գործարարությամբ զբաղվել, լիազորությունների չարաշահում, որը ծանր հետևանքներ է ունեցել:

Օգոստոսի 11-ին Իսմայիլովան դարձել է Էլիսոն Դես Ֆորգսի անվան հեղինակավոր մրցանակի չորս դափնեկիրից մեկը։ «Էլիսոն Դես Ֆորգսի անվան մրցանակը հանձնվում է նրանց, ովքեր արիաբար պայքարում են մարդու իրավունքների համար՝ հաճախ վտանգավոր իրավիճակներում և անձնական մեծ զոհաբերությունների գնով»,- հայտարարել է Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։

Ավելի վաղ՝ հուլիսի 30-ին, Իսմայիլովային ԱՄՆ Մամուլի ազգային ակումբն իր բարձրագույն մրցանակն է շնորհել:

Ադրբեջանը վերջին տարիներին արժանացել է պարբերաբար կրկնվող քննադատությանը ավելի քան 100 լրագրողի, մարդու իրավունքների պաշտպանների, ընդդիմության անդամների և ժողովրդավարության համար պայքարող երիտասարդ ակտիվիստների վրա հարձակումներ կատարելու, ձերբակալելու, բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---