ՌԴ-ի դեմ Թուրքիայի պատժամիջոցների փաթեթը պատրաստ է

ՌԴ-ի դեմ Թուրքիայի պատժամիջոցների փաթեթը պատրաստ է

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Թուրքիայի դեմ պատժամիջոցները հաստատող փաստաթղթի ստորագրումից հետո թուրքական կողմը պատասխան քայլերի է դիմում:

Փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի ղեկավարությամբ գործող հանձնաժողովը պատրաստել ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հաստատմանն է ներկայացրել փաստաթուղթ, որով ռուսական գործողություններից տուժած թուրքական ընկերություններին աջակցություն է ցուցաբերվելու, իսկ Ռուսաստանին պատասխան պատժամիջոցներ են ներկայացվելու,A Haber կայքին հղումով գրում է Tert.am-ը:

Դրանում անդրադարձ կա տնտեսական, էներգետիկ, զբոսաշրջության ոլորտներին:

Նախատեսվում է ռուսական բեռնատարների նկատմամբ անել այն, ինչ ռուսական սահմանին արվում է թուրքական բեռների նկատմամբ. բոլոր մեքենաները մեկ առ մեկ զննվելու են։

Ռուսական կողմից հետ վերադարձված մթերքներն արագ իրացվելու են Թուրքիայում: Թուրքական տեքստիլ արտադրանքի, պատրաստի հագուստի, էլեկտրական սարքերի, քիմիական միջոցների իրացման հարցում թուրք արտադրողին աջակցություն է ցուցաբերվելու:

Բնական գազի գնման համար այլընտրանքային միջոցներ են որոնվելու:

Զբոսաշրջության զարգացման նպատակով տարբեր երկրների ներկայացուցիչների համար զեղչեր են կիրառվելու, իսկ ռուսներին այլևս արտոնություններով զբոսաշրջային փաթեթներ չեն վաճառվելու: Դրանով Թուրքիան սպառնում է վերջ դնել ռուսների համար էժան զբոսաշրջությանը։

Նոյեմբերի 24-ին թուքական F-16 կործանիչը ռուսական Սու-24 ինքնաթիռ է խոցել Սիրիայի հետ սահմանին: Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռը խոցվել է Սիրիայի տարածքում «օդ-օդ» հրիթռով, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Ըստ ՌԴ նախագահի, ռուս օդաչուներն ու ռուսական ինքնաթիռը չէին սպառնում Թուրքիային: «Սու-24 ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումը հարված է թիկունքից, որ հասցրեցին ահաբեկիչներին աջակցողները»,-ասել է նա: Միաժամանակ ՌԴ նախագահը հայտարարել է, որ ՌԴ-ն վաղուց է ֆիքսել, որ Թուրքիայի տարածքում շատ նավթ կա, որը ստացվում է ԻՊ կողմից վերահսկվող հանքերից:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 28-ին հրամանագիր է ստորագրել «ՌԴ քաղաքացիների ազգային անվտանգության ապահովման և ՌԴ քաղաքացիներին հանցավոր և այլ հակաիրավական գործողություններից պաշտպանելու և Թուրքիայի Հանրապետության դեմ հատուկ տնտեսական միջոցներ կիրառելու մասին»: 2016-ի հունվարի 1-ից ռուսական ընկերություններին արգելվում է վարձել նոր աշխատակիցներ Թուրքիայի քաղաքացիների թվից: Ռուսաստանը որոշել է 2016-ի հունվարի 1-ից չեղյալ հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմը։ Թուրքիայի հետ գործակցությունը խզելու մասին հայտարարել են նաև ՌԴ զբոսաշրջության ոլորտում:

Կարդացեք նաև՝ Էրդողան. Անկարան Ռուսաստանի հետ ճգնաժամի դիվանագիտական լուծման կողմնակից է

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---