Ո՞ր դեպքերում մեքենայի դիմապակին մգեցնելու համար վարորդները չեն տուգանվի

Ո՞ր դեպքերում մեքենայի  դիմապակին մգեցնելու համար վարորդները չեն տուգանվի

PanARMENIAN.Net - Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ Արման Չիլինգարյանը հունվարի 12-ին ներկայացրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում և մի շարք այլ օրենքներում կատարված փոփոխությունները:

Նա տեղեկացրել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում կատարված փոփոխություններից մեկի արդյունքում 2016-ի հունվարի 18-ից ճանապարհային ոստիկանությունը ՝ տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում հայտնաբերելիս վարորդին կտուգանի 30 հազար դրամի չափով:

Չիլինգարյանը նշել է, որ նախկինում տուգանքը կազմել է հիսուն հազար դրամ:

«Բացի այն, որ տուգանքի չափը նվազեցվել է, ավելացվել է նաև դրույթ, ըստ որի ուղակի պատասխանատվության կենթարկվի վարորդը, եթե առջևի դիմապակին թաղանթապատված է՝ անկախ դրա մգեցվածության կամ լուսաթափանցելիության աստիճանից»,- ասել է բաժնի պետը, գրում է Tert.am-ը:

Չիլինգարյանը նշել է նաև, որ բոլոր այն դեպքերում, երբ իրավախախտողը Ճանապարհային ոստիկանի կողմից մեքենան կանգնեցնելուց հետո ձեռնամուխ է լինում իրավախախտումը վերացնելուն, այսինքն՝ կփորձի թաղանթը վնասել, նա չի ենթարկվի պատասխանատվության: Պատասխանատվության չի ենթարկվի նաև, եթե իրավախախտը 24-ժամյա ընթացքում կներկայացնի և կտեղեկացնի, որ հեռացրել է թաղանթը:

ՀՀ ոստիկանությունը նոյեմբերի 4-ին հաղորդագրություն է տարածել, որում հորդորում է վարորդներին՝ իրենց տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2005-ի փետրվարի 24-ի «Վերգետնյա տրանսպորտային միջոցներում օգտագործվող անվտանգ ապակիների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 289-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով սահմանված չափերին, իսկ առջևի հողմապակու և առջևի դռների թաղանթներն ընդհանրապես ապամոնտաժել (հեռացնել), այլապես Ճանապարհային ոստիկանությունն ստիպված կլինի կիրառել օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցներ:

Տրանսպորտային միջոցների հողմապակու լուսաթափանցելիությունը պետք է լինի 75%-ից ոչ պակաս, առջևի դռների ապակիներինը, առջևի կողային ապակիներինը (առկայության դեպքում) և այլ ապակիներինը` 70%-ից ոչ պակաս: Հետին տեսանելիության 2 հայելիների առկայության դեպքում այլ ապակիների (հետևի դռների ապակիներ և հետևի դիտապակի) լուսաթափանցելիությունը կարող է լինել 70%-ից ցածր:

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարների վերլուծությունը ցույց է տվել, որ դրանց (հատկապես՝ վրաերթերի) մեծ մասի առաջացմանը նպաստել է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակու լուսաթափանցելիության սահմանված չափը չպահպանելը, և մասնավորապես՝ հողմապակին թաղանթապատելը, ինչը հատկապես վտանգավոր է օրվա մութ ժամերին և անձրևի ժամանակ (թեկուզ՝ թույլ մգեցված թաղանթով):

 Ուշագրավ
«Կարծում եմ՝ ազնվությունը թույլ կտա, որ Արթուր Դավթյանը չհերքի «սուպեր» հեռախոսակապով տեղի ունեցած խոսակցությունը»,-ասվում է գրառման մեջ
Բաբայանը ձերբակալվել է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հաղորդման հիման վրա
«Նուբարաշեն»-ում պահվում է 367 անձ, «Արմավիր» ՔԿՀ-ում՝ 708-ը