ԵՏՄ-ն գործակցություն է սկսում Պորտուգալիայի հետ. Առաջնային է թեթև արդյունաբերությունը

ԵՏՄ-ն գործակցություն է սկսում Պորտուգալիայի հետ. Առաջնային է թեթև արդյունաբերությունը

PanARMENIAN.Net - Փետրվարի 1-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակության Պորտուգալիա այցի ժամանակ տեղի է ունեցել ԵՏՀ արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի գծով կոլեգիայի անդամ Սերգեյ Սիդորսկու հանդիպումը Պորտուգալիայի էկոնոմիկայի նախարար Մանուել Կալեյդա Կաբրալի հետ:

Ինչպես հայտնում է ԵՏՀ մամուլի ծառայությունը, Սիդորսկին տեղեկացրել է պորտուգալական կողմին ԵՏՄ հիմնական նպատակների և խնդիրների մասին` նշելով, որ ԵՏՄ անդամ պետությունները համաձայնեցված քաղաքականություն են վարում և ընդհանուր կանոններ են սահմանում բիզնեսի համար:

ԵՏՀ նախարարը նշել է, որ եվրասիական շուկան այսօր մի շարք առավելություններ ունի, այդ թվում արտերկրի ներդրողների համար: Առաջին հերթին, դա ներքին պահանջարկի ներուժն է: Միության եզակի աշխարհագրական դիրքը լայն հնարավորություններ է բացում օպտիմալ լոգիստիկայի և առևտրատնտեսական հարաբերությունների համար հարևան եվրոպական և ասիական երկրների հետ:

Ըստ Սիդորսկու, ԵՏՀ պատվիրակության այցի նպատակն է ուսումնասիրել Պորտուգալիայի համագործակցության հնարավորությունները թեթև արդյունաբերության ոլորտում: ԵՏՄ անդամ մի շարք տարածաշրջաններում այսօր գործում են մասնագիտացված կլաստերներ, որոնց կազմում աշխատում են մանածագործական և կոշիկի ձեռնարկություններ: Այդ բազայի հիման վրա կարելի է համատեղ նախագծեր նախաձեռնել արտասահմանցի գործընկերների հետ` արտադրանքի նոր տեսակներ հիմնելու համար:

Պորտուգալիայի էկոնոմիկայի նախարարը բարձր է գնահատել Միության ներուժը:

Անդրադառնալով արտադրության ոլորտին` ԵՏՀ պատվիրակությունն առաջարկել է քննարկել ԵՏՄ անդամ պետությունների և Պորտուգալիայի գործարար շրջանակների երկխոսության կազմակերպման հարցը: Փոխգործակցության առաջարկված ձևաչափը ստացավ պորտուգալական կողմի հավանությունը: Կաբրալը պատրաստակամություն հայտնեց մշակելու առաջարկը շահագրգիռ կառույցների հետ:

Աշխատանքային հանդիպման շրջանակում քննարկվել է նաև համագործակցության հնարավորությունը դեղագործության և բժշկական նշանակության ապրանքների արտադրության ոլորտում:

Ավելի վաղ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը հայտարարել է, որ ավելի քան 40 երկիր, այդ թվում Չինաստանը, ցանկություն է հայտնել ԱԱԳ ստեղծել ԵՏՄ հետ: Դա հաստատեց նաև ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:

«Ընդհանուր առմամբ ԵՏՄ հետ համագործակցության հարցով հետաքրքրվում է արդեն մոտ 40 երկիր, բոլորի հետ բանակցություններ են ընթանում համագործակցության տարբեր հարթակներ ստեղծելու ուղղությամբ` ներառյալ առևտրի տնտեսական գոտիները»,-ասել է Մեդվեդևը Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական խորհրդի նիստում: Նա հիշեցրել է, որ ԵՏՄ-ն արդեն համաձայնագիր է կնքել առևտրի ազատ գոտու ստեղծման մասին Վիետնամի հետ: Մեդվեդևը նշել է, որ օտարերկրյա ընկերությունների համար ԵՏՄ-ն հնարավորություն կտա ընդլայնել ներկայությունը 5 պետությունների շուկաներում:

Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց 2014-ի հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---