Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ է հայտարարվել

Անկախության 25-ամյակի խորհրդանիշի և կարգախոսի ստեղծման մրցույթ է հայտարարվել

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը հայտարարում է Անկախության 25-ամյակի խորհրդանիշի (լոգոյի) և կարգախոսի մրցույթ: Հայտերն ընդունվում են էսքիզի տեսքով, որը պետք է լինի գունավոր և սև-սպիտակ տարբերակներով, ներկայացվի` էլեկտրոնային կրիչի, ինչպես նաև 50x60 սմ ստվարաթղթի վրա:

Խրախուսվում է նույն խորհրդանիշի տարբերակների ներկայացումը տարբեր ձևաչափերով (ծրար, ձևաթուղթ, գովազդ և այլն)՝ կարգախոսի օգտագործմամբ:

Առաջարկները կքննարկվեն հանձնաժողովի կողմից, և հավանության արժանացած տարբերակը կհամարվի հոբելյանական տարվա միջոցառումների պաշտոնական խորհրդանիշը և կարգախոսը:

Լավագույն աշխատանքների համար սահմանված են մեկ գլխավոր (500.000 դրամ) և մեկ խրախուսական (350.000 դրամ) մրցանակներ:

Հայտերն ընդունվում են մինչև 2016-ի մարտի 10-ը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնում (hասցե՝ Կառավարական 2-րդ մասնաշենք, Վ. Սարգսյան 3):

Աշխատանքներն անհրաժեշտ է ներկայացնել ծածկագրի նշագրումով: Ներկայացված աշխատանքին կցվում է փակ ծրար` նույն ծածկագրի նշագրումով: Փակ ծրարի ներսում պետք է նշված լինի հեղինակի անունը, ազգանունը, հայրանունը, հասցեն և հեռախոսահամարը /ները/: Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորված անձը հայտը հանձնելիս ստանում է ստացական՝ հանձնված աշխատանքների քանակի, ձևի, կրիչի և փակ ծրարի մասին տեղեկույթով: Մրցույթին ներկայացված աշխատանքները վերադարձման ենթակա չեն:

1991-ի սեպտեմբերի 21-ը դարձավ Հայաստանի Երրորդ հանրապետության ծննդյան օրը:Հայ ժողովուրդը կրկին իրավունք ստացավ ինքնուրույն կառուցել իր ապագան, լինել իր հողի տերը, վերագտավ վերջին դարերի ընթացքում կորսված պետականությունը, որը մի քանի տարով ձեռք բերեց 1918-ին: 1991-ի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը համազգային հանրաքվեում քվեարկեց ԽՍՀՄ կազմից դուրս գալու և Հայաստանի անկախ պետության ստեղծման օգտին: Քաղաքացիների 95%-ը, որոնք ունեին ձայնի իրավունք, «այո» ասացին անկախությանը: Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն խորհուրդը երկիրը հռչակեց անկախ պետություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---