Մեծ պահքը սկսվել է. 2016-ին այն կտևի 48 օր

Մեծ պահքը սկսվել է. 2016-ին այն կտևի 48 օր

PanARMENIAN.Net - Փետրվարի 8-ին մեկնարկել է Մեծ պահքը: Այդ շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն (մարտի 27): Պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք:

Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:

Կերակրից հրաժարվելն առանց մեղքից հետ կանգնելու` անօգուտ է: «Սատանան միշտ պահքի մեջ է, ոչինչ չի ուտում, բայց մեղք գործելուց չի դադարում և չի հոգնում», - ասում է Ս. Գրիգոր Տաթևացին: «Լեռան քարոզում» Քրիստոս պահքի մասին ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի քո գլուխը և լվա քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, և քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. 6:16-18): Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո զորությունն ստանալու:

« Ինչպես Ադամը, երբ մեղք գործեց, չխոստովանեց, չազատվեց, բայց մեզնից յուրաքանչյուրի խնդիրն է, որ գործած ամեն մեկ մեղք խոստովանենք, քավություն խնդրենք Աստծուց, որովհետև ցանկացած քրիստոնյա ի զորու է չարի փորձություններին դիմակայելու և հաղթանակած դուրս գալու»,- մեկնաբանում է Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը, գրում է Tert.am-ը:

Նրա խոսքով՝ Պահքի կարևորությունն ըմբռնելու համար պետք է հիշել, որ այն Աստծու կողմից մարդուն տրված առաջին պատվիրանն է: «Դրախտում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտութեան ծառից մի կերեք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ.2:16-17):

Մեծ պահքի օրերը խորհրդանշում են անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության և ապաշխարության շրջանը: Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկ. 4:1-3): Հիսուս Իրեն ծոմապահության ենթարկեց մարդկային ցեղի փրկության համար, մարդկության փոխարեն Ինքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանան շնորհիվ Իր ծոմապահության: Քառասնօրյա պահքին հաջորդում է պահոց ևս մեկշաբաթյա շրջան` Ավագ շաբաթը: Այդ է պատճառը, որ քառասնօրյա կոչվող պահքը 48 օր է տևում:

Մեծ պահքն ունի յոթ կիրակի, յոթ հիշարժան օրեր. Բուն բարեկենդան, Արտաքսում, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---