ՀՀ ավագ դպրոցների զարգացման ծրագրերը և ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը կվերանայվեն

ՀՀ ավագ դպրոցների զարգացման ծրագրերը և ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը կվերանայվեն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը, որը վարել է նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը: Նա աշխատակազմին տվել է մի շարք հանձնարարականներ, մասնավորապես կրթություն և գիտության ոլորտի բյուջետային հատկացումների վերաբերյալ:

Նախարարի խոսքով` քանի որ նախատեսվում է անցնել ծրագրային բյուջեի, ապա պետք է հստակեցնել բոլոր միջնաժամկետ ծախսերը, վերանայել նախատեսվող ծրագրերի բաշխման համամասնությունը` դրանք կապելով Կրթության զարգացման պետական ծրագրի հետ:

Մկրտչյանը նաև առաջարկել է ստեղծել հանձնախումբ, որը կքննարկի և կհամեմատի հանրապետության ավագ դպրոցների զարգացման ծրագրերը:

Նախարարի խոսքով` յուրաքանչյուր ավագ դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը և առաջնորդվի դրանով: Մկրտչյանն առաջարկել է վերանայել նաև ԿԳ նախարարին կից կոլեգիայի կազմը` այն ձևավորելով որոշակի սկզբունքների և չափանիշների հիման վրա: Ըստ նախարարի` կոլեգիայի կազմում պետք է ընդգրկված լինեն ոլորտում հեղինակություն վայելող մարդիկ, անվանի գիտնականներ, մտավորականներ:

«Կոլեգիայի նիստում պետք է քննարկվեն բավականին լուրջ հարցեր: Առհասարակ, կոլեգիան պետք է լինի նախարարության դեմքը և ուժ տա նրան: Առկա է կոլեգիայի հեղինակության բարձրացման խնդիր»,-նշել է նախարարը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի, դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների բարեփոխման հնարավորության, ուսուցիչ-աշակերտ հարաբերակցության, տնօրենների հավաստագրման, ուսուցիչների տարակարգի, ոչ պետական բուհերի գործունեության վերաբերյալ այլ հարցեր:

Լևոն Մկրտչյանը 2016-ի փետրվարի 24-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար: Նախագահի մեկ այլ հրամանագրով կրթության և գիտության նախարարի պաշտոնից ազատվել է իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։Մկրտչյանի նշանակումը տեղի է ունեցել ՀՀկ-ՀՅԴ գործակցության շրջանակում:

Կարդացեք նաև՝ Նախարարը՝ ավագ դպրոցի բեռնաթափման, մագիստրական կրթության որակի բարձրացման, ներառական կրթության մասին

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---