Իրանը հայտարարել է, թե որ դեպքում կսառեցնի նավթի արդյունահանումը

Իրանը հայտարարել է, թե որ դեպքում կսառեցնի նավթի արդյունահանումը

PanARMENIAN.Net - Թեհրանը մտադիր է նավթի սառեցման հարցը քննարկել միայն այն ժամանակ, երբ արդյունահանման մակարդակn օրական հասնի 4 մլն բարելի, իսկ մինչ այդ բանակցություններն այդ թեմայի շուրջ բացառվում են: Այդ մասին, ըստ ՌԲԿ-ի, հայտարարել է նավթի նախարար Բիժան Զանգանեն նավթ արտահանող երկրների հանդիպմանն ընդառաջ, որտեղ քննարկվելու է արդյունահանման նվազեցման հարցը:

Նավթ արտահանող երկրները պատրաստ են մարտի 20-ի հանդիպմանը Ռուսաստանում: Մասնակիցների հստակ քանակը դեռ հայտնի չէ, սակայն փետրվարի 16-ին Դոհայում ՌԴ, Քաթարի, Վենեսուելայի և Սաուդյան Արաբիայի միջև կնքված համաձայնությանը կարող են միանալ Էկվադորը, Ալժիրը, Նիգերիան, Օմանը, Քուվեյթը և ԱՄԷ-ն:

«Քանի դեռ մենք չենք հասել օրական 4 մլն բարելի արդյունահանման մակարդակին, նավթի արդյունահանման սառեցման շուրջ բանակցողները պետք է հանգիստ թողնեն մեզ: Երբ հասնենք այդ մակարդակին, կհամագործակցենք նրանց հետ»,-ասել է նա:

Ըստ Զանգանեի, Իրանի համար նավթի 1 բարելի դիմաց ընդունելի գինը $70 է, սակայն, եթե գինն ավելի ցածր լինի, «խնդիրներ չեն առաջանա»: Ըստ նրա, այժմ Իրանը արտահանում է օրական 1,75 մլն բարել, սակայն առաջիկայում այդ ցուցանիշը կհասնի 2 մլն բարելի:

Հունվարին պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանը Եվրոպային 4 մլն բարել նավթ է վաճառել: Տարեսկզբից դեպի Եվրոպա նավթի առաքման ծավալները 5 օրվա ընթացքում համարժեք են եղել մինչպատժամիջոցային մակարդակին, երբ ամեն օր գնվում էր մինչև 800 բարել նավթ: Մարտի 7-ին Իրանի էկոնոմիկայի նախարար Ալի Թայեբնիան հայտարարել է, որ առաջիկայում երկիրը կհասցնի նավթի վաճառքը մինչև օրական 2 մլն բարելի: Ըստ շվեյցարական Petro-Logistics-ի, ընթացիկ տարվա փետրվարին Իրանն արտահանել է օրական մոտ 1,4 մլն բարել նավթ, ինչն արդեն 350 հազարով ավելի է 2015-ի օրական մակարդակից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---