ՀՀ-ում դայակի ինստիտուտ կստեղծվի. Պետությունը կաջակցի

ՀՀ-ում դայակի ինստիտուտ կստեղծվի. Պետությունը կաջակցի

PanARMENIAN.Net - Հայաստանում դայակի ինստիտուտ կստեղծվի: Այս մասին ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրական բաժնի պետ Վանիկ Բաբաջանյանը՝ ներկայացնելով հայ կանանց աջակցմանն ուղղված ծրագրի մանրամասները:

ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018-ի ազգային ծրագրի նախագծի նպատակն է խրախուսել դայակի ինստիտուտը, հայտնել է Բաբաջանյանը, հաղորդում է Sputnik Արմենիա-ն։

«Մենք առաջարկել ենք խրախուսել դայակի ինստիտուտը, այսինքն՝ աշխատաշուկա վերադարձող կնոջը վճարել որոշակի գումար, որը կօգնի դայակ վարձել, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձն է: Սա նշանակալի օժանդակություն կլինի մայրերի համար»,- ասել է բաժնի պետը:

Նա նաև տեղեկացրել է, որ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2016-2018-ի ազգային ծրագրի նախագծի բաղադրիչներից մեկը տարբեր տարիքային կանանց աջակցության ծրագիրն է:

Այդ ուղղությամբ առաջարկվել է չորս ծրագրային միջոցառում: Ըստ Բաբաջանյանի՝ առաջինը միտված է մինչև 22 տարեկան հղի կամ մայրացած ուսանող կանանց վարձավճարների որոշակի սուբսիդավորմանը: Երկրորդը՝ մինչև 24 տարեկան արդեն մայրացած կանանց, որոնք մայրացել են համեմատաբար վաղ, չեն հասցրել բարձրագույն ուսում ստանալ, սակայն ունեն դրա ցանկությունը: Խոսքը բուհ ընդունվելու համար մասնագիտական ուսուցման նախապատրաստման գործընթացների սուբսիդավորման մասին է:

Երրորդը՝ երիտասարդ մայրերի աշխատաշուկա վերադառնալը: Չորրորդ միջոցառումը միտված է մինչև երեսուն տարեկան այն կանանց, ովքեր ունեն երեխաներ, սակայն աշխատաշուկա մուտք գործելու հետ ունեն որոշակի խնդիր, այսինքն՝ մինչ այդ երբևէ չեն աշխատել, իսկ գործատուները հիմնականում ակնկալում են, որ իրենց աշխատակիցները ունենան աշխատանքի փորձ և պատրաստվածություն:

Հայաստանում ժողովրդագրական կենսունակության գործակիցը դեռևս 1.5 է: Բայց չկարգավորված միգրացիան նվազեցնում է բնական հավելաճը: Բաբաջանյանը վստահ է, որ իրենց առաջարկած միջոցառումները դոմինոյի էֆեկտ կունենան, և 2-3 տարվա ընթացքում խնդիրների գոնե մի մասը կլուծվի:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---