«Արմենիա»-ն 17 ուղղությունով չվերթներ կիրականացնի

«Արմենիա»-ն  17 ուղղությունով չվերթներ կիրականացնի

PanARMENIAN.Net - Հայաստանի նոր ավիափոխադրող` «Արմենիա» ավիաընկերությունն օդային հաղորդակցությունների իրականացման հավաստագիր է ստացել։

Համապատասխան որոշումն ընդունվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում կայացած Կանոնավոր առևտրային օդային փոխադրումների հավաստագրման համար հայտերի քննարկման հարցերով խորհրդի նիստի ժամանակ։

Նշվում է, որ «Արմենիա» ավիաընկերությունը փետրվարի 22-ին ստացել է օդանավ շահագործողի վկայական: Ըստ ներկայացված հայտի` ավիաընկերությունը նախատեսում է իրականցնել կանոնավոր օդային հաղորդակցություններ 17 ուղղություննով, գրում է Նովոստի Արմենիան:

Էկոնոմիկայի նախարարությունն ընթացիկ մոնիթորինգ է իրականացնելու ընկերության ստանձնած պարտավորությունների իրականացման նկատմամբ:

Նախատեսվում է, որ ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթերի իրականացումը ապրիլի 21-ից դեպի Իսրայել և Մոսկվա։ Այնուհետև ընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել դեպի Թեհրան, Դուբայ, Պրահա, Կիև, Մինսկ, Բարսելոնա, Լոնդոն և Լառնակա։

Ապրիլի սկզբին ավիաընկերությունը կունենա երեք ինքնաթիռ, այնուհետև կավելանան ինքնաթիռների քանակը:

«Արմենիա» ավիաընկերությունը նոր է դուրս գալիս հայկական շուկա։ Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։Ռոբերտ Հովհաննիսյանը զբաղեցրել է վրացական Georgian Airways ավիաընկերության տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը, իսկ Թամազ Գաիաշվիլին Georgian Airways-ի տնօրենների խորհրդի նախագահն է։

Համահիմնադիր Գաիաշվիլին տեղեկացրել է, որ տոմսի նվազագույն արժեքը կլինի 49 եվրո՝ մեկ ուղղությամբ (առանց օդի հարկի և օդանավակայանի սպասարկման գնի)՝ երկու ամիս առաջ գնելու դեպքում և առանց վերադարձնելու հնարավորության, իսկ վերջնական գինը (օդի հարկը և օդանավակայանի սպասարկման գինը գումարած)` 96 եվրո, որը կարող է փոխվել կապված փոխարժեքի, օդանավակայանների սպասարկման գնի փոփոխությունների հետ:

2013-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարությունը, այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշում կայացրեց 2013-ի ապրիլի մեկից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում էր ոլորտում առնվազն երեք հայկական ավիաընկերությունների գործունեություն։ ՀՀ կառավարությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում որդեգրել է «Բաց երկնքի» քաղաքականությունը, որը ենթադրում է ավիաընկերությունների առևտրային գործունեությանը պետության միջամտության նվազեցում:

Կարդացեք նաև՝ «Արմենիա»-ի առաջին չվերթը՝ ապրիլի 21-ին. Ուղղությունը՝ Թել Ավիվ, Մոսկվա

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---