ԱՄՆ-ն հաստատում է ՌԴ օդուժի դուրսբերումը Սիրիայից

ԱՄՆ-ն հաստատում է ՌԴ օդուժի դուրսբերումը Սիրիայից

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ը հաստատել է, որ Ռուսաստանը Սիրիայից դուրս է բերել իր օդուժի մեծ մասը: Այս մասին մարտի 18-ին հայտարարել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ, գեներալ Պատրիկ Ռիդերը:

Նա հավելել է, որ անցած շաբաթվա ընթացքում ռուսական օդուժը Սիրիայի հյուսիսային շրջաններին ավիահարվածներ չի հասցրել, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ռիդերի հայտարարությունը ամերիկյան կողմից առաջին պաշտոնական հաստատումն է, որ օդուժը Սիրիայից դուրս բերելու մասին Ռուսաստանի նախագահի մարտի 14-ի կարգադրությունը կյանքի է կոչվում:

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: Այդ մասին Պուտինն ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում:

Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն անհրաժեշտության դեպքում կարող է մի քանի ժամում համալրեր իր զորախումբը Սիրիայում:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ էր հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ:

Կարդացեք նաև՝ Սիրիայում ՌԴ մոտ 1000 զինծառայող կմնա

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---