Ղրղզստանն ու Ուզբեկստանը կարգավորել են սահմանային վեճը

Ղրղզստանն ու Ուզբեկստանը կարգավորել են սահմանային վեճը

PanARMENIAN.Net - Ղրղզստանն ու Ուզբեկստանը համաձայնության են եկել սահմանին իրավիճակի կարգավորման վերաբերյալ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը Ղրղզստանի սահմանապահ ծառայության վրա հղումով: Երկու երկրների սահմանին ստեղծված իրավիճակը սրվել էր նախորդ շաբաթվա վերջում:

Իրավիճակը երկու երկրների սահմանին սրվեց մարտի 18-ին, երբ ուզբեկական կողմը մոտ 40 զինծառայող և զրահատեխնիկա տեղակայեց ղրղզա-ուզբեկական սահմանի վիճելի հատվածում` Ջալալաբադի շրջանի Չալասարտ տարածքում:

«Երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների արդյունքում իրավիճակը հաջողվել է շտկել: Ուզբեկստանը հետ է քաշել զինտեխնիկան և զինվորականներին ղրղզա-ուզբեկական սահմանի վիճելի տարածքից»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Ըստ նրա, այժմ քաղաքացիների համար ևս մեկ անցակետ է բացվել սահմանին` «Կադամժայ ավտոդորոժնի»:

Մինչև վերջերս Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին գործում էր միայն մեկ անցակետ` «Ղըզըլ Կիյ», որը նախատեսված է ուզբեկական Սոխ և Շահիմարդին անկլավների բնակիչների համար:

Ինչպես հայտնում է Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայությունը, մարտի 26-ին երկրի սահմանապահ ծառայության նախագահ Ռահիմբերդի Դույշենբիևը հեռախոսազրույցի ժամանակ զեկուցել է նախագահ Ատամբաևին, որ «երկու երկրների սահմանապահ ստորաբաժանումներն ըստ ձեռք բերված պայմանավորվածության անցնում են սահմանի պահպանության բնականոն ռեժիմի»:

Մարտի 22-ին պաշտոնական Բիշքեկը դիմել է ՀԱՊԿ-ին հանգուցալուծելու համար վեճն Ուզբեկստանի հետ սահմանին: Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին իրավիճակի սրման պատճառով Բիշքեկ է գործուղվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը:

Ղրղզստանի և Ուզբեկստանի պետական սահմանի երկարությունը 1,3 հազար կմ է, ԽՍՀՄ փլուզումից հետո ղրղզա-ուզբեկական պետսահմանի ամբողջ երկարության գրեթե մեկ քառորդը սահմանազատված չէ, ինչը մշտական բախումների պատճառ է հանդիսանում սահմանին: Վերջին 3 տարում տեղի է ունեցել մի քանի տասնյակ սահմանային միջադեպ զենքի կիրառմամբ: Երբ Ղրղզստանը 2015-ին անդամակցեց ԵՏՄ-ին, այդ երկրի պետական սահմանը դարձավ ԵՏՄ հարավային սահման:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---