Բնակարանամուտ` Գեղարքունիքի մարզում

Բնակարանամուտ` Գեղարքունիքի մարզում

PanARMENIAN.Net - 2015թ. բնակարանաշինության ծրագրով Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում իրականացվել է տների վերանորոգման և կիսակառույցների շինարարության նախագիծ, որի շահառու է դարձել սոցիալապես անապահով 40 ընտանիք: Ծրագիրն իրականացնող կողմերի՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարներն այցելել են Դդմաշեն համայնք՝ մասնակցելու Մելիքյանների ընտանիքի բնակարանամուտի արարողությանը:

Մելիքյանները տարիներ շարունակ ապրել են տնից տուն տեղափոխվելով, ապա՝ 15 տարի վագոն-տնակում: Տասը տարի առաջ ընտանիքը վերջապես գնել է կիսակառույց մի շինություն` հուսալով, որ կկարողանա ավարտել շինարարությունը: Երազանքը սակայն, անկատար է մնացել:

«Անասելի դժվար է վագոն-տնակում ապրելն ու, առավել ևս, երեխա մեծացնելը: Տղաներս երբեք չէին զգացել սեփական տանիք ունենալու բերկրանքը: Տղաս՝ Տարոնը, մեկ տարի առաջ է քարաշեն կիսակառույցում Ամանոր դիմավորել: Այսօր ընտանիքս տուն ունի: Շնորհակալություն»,- ասել է ընտանիքի մայրը՝ Լեյլան:

«Բոլոր հաջողությունների հիմքում մարդու անձնական երջանկությունն է: Տնազրկությունը, գործազրկությունը, տարբեր խնդիրների առկայությունը հաճախ բացասաբար են անդրադառնում մարդու հոգեվիճակի վրա՝ անդրադառնալով երջանկությանը: Հույսի և հավատի մասին հաճախակի հնչեցվող իմ խոսքերը պատահական չեն: Երբեմն շատ փոքր աջակցությունն անգամ կարող է կտրուկ փոխել մարդու կյանքը՝ նրան դարձնելով ավելի վստահ, կայացած, համբերատար և հաջողակ: Այս մոտեցումը գործունեության սկզբից արժեհամակարգ է եղել մեզ համար: Դա անչափ կարևոր է մեր երկրի և ազգի համար: Հենց այդ նպատակի իրագործմանն է ուղղված այս համագործակցությունը: Ուրախ ենք արձանագրել հերթական ընտանիքի երջանկության փաստը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը:

«Յուրաքանչյուր ընտանիքի պատմություն մի բովանդակալից գիրք է, որ գրվում է տարիների ընթացքում: Այս ընտանիքը բազում դաժան փորձություններ է հաղթահարել: Հուսով եմ, որ այսուհետև նրանց կյանքի էջերում միայն երջանիկ պատմություններ կգրվեն»,- ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ.-ից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---