ՀՀ ՊՆ. Ադրբեջանի իշխանությունը պետք է ռազմական հանցագործության համար իրավական պատասխանատվություն կրի

ՀՀ ՊՆ. Ադրբեջանի իշխանությունը պետք է ռազմական հանցագործության համար իրավական պատասխանատվություն կրի

PanARMENIAN.Net - Ապրիլի 2-ից սկսած միջազգային հանրությունը ակտիվ կերպով իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրադրության ապակայունացման վերաբերյալ: Մասնավորապես, բոլոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունները և առանձին պետությունները հակամարտության կողմերին տարբեր ձևակերպումներով կոչ են անում դրսևորել զսպվածություն, դադարեցնել ռազմական գործողությունները, զերծ մնալ իրադրությունը լարելու քայլերից և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը մեծապես կարևորում է միջազգային հանրության արձագանքը և հակամարտության կողմերին ուղղված կոչերը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ընդգծում է, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխավորը: Միևնույն ժամանակ, որպես ռազմական գործողություններին չմասնակցող կողմ` ՀՀ պաշտպանության նախարարությունը հատկապես գնահատելի է համարում այն հանգամանքը, որ այդ կոչերն ուղղված են փաստացի այդ գործողությունների մեջ ներգրավված կողմերին՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի իշխանություններին:

Համակարծիք լինելով ռազմական գործողությունների դադարեցման կոչերին, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ուժերի միջև հրադադարի ռեժիմի հաստատման համար, քաղաքական հայտարարություններից զատ, անհրաժեշտ է համաձայնեցնել և իրականացնել կոնկրետ միջոցառումներ. մշակել հրադադարի սահմանման տեխնիկական պայմաններ, իրականացնել հակամարտող ուժերի հեռացում/բաժանում և հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմներ:

Միաժամանակ, ՀՀ պաշտպանության նախարարությունը միջազգային հանրության, այդ թվում՝ մարդու իրավունքներով, մարդասիրական խնդիրներով զբաղվող միջազգային կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից սանձազերծված ռազմական գործողությունները հանդիսանում են ՄԱԿ-ի Կանոնադրության, 1970թ. Պետությունների միջև բարեկամական հարաբերությունների վերաբերյալ միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրի, ԵԱՀԿ 1975թ. Եզրափակիչ ակտի և Հելսինկյան գործընթացի այլ փաստաթղթերի, մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերի խախտում:

Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում ի հայտ են բերվել նաև ադրբեջանական զինված ուժերի և զինված խմբավորումների կողմից Լեռնային Ղարաբաղի զինծառայողների և քաղաքացիական բնակչության հանդեպ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ձեռագրով իրականացված բազմաթիվ գործողություններ, որոնք, միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն, հանդիսանում են ռազմական հանցագործություններ: Դրանցից առավել ակնհայտ են զինված ընդհարումներին այլևս չմասնակցող կոմբատանտների և ռազմագերիների խոշտանգումները, ընդհուպ գլխատումները, դրանց նկարահանումները և ահաբեկչական նպատակով ցուցադրումը, այդ ուժերի վերահսկողության տակ մնացած խաղաղ բնակչության սպանությունները, դիակների խոշտանգումները և այլն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է. իրականացված միջազգային իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների համար թե՛ Ադրբեջանի իշխանությունները և թե՛ ռազմական հանցագործություններ կատարած անձինք իրավական պատասխանատվության պետք է ենթարկվեն, այդ թվում՝ միջազգային հանրության առջև, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Ապրիլի լույս 2-ի գիշերից ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 6 անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), 20 տանկ, 5 զրահամեքենա 1 ՏՕՍ ծանր հրանետային համակարգ: Ադրբեջանն ընդունել է 15 զինծառայողի զոհվելու, ինչպես նաև 1 տանկի ու 1 ուղղաթիռի ոչնչացման փաստը և չի հայտնել ոչ մի վիրավորի մասին՝ այն դեպքում, երբ միայն հայկական կողմի հրապարակած ֆոտո- և տեսանյութերում առկա են մի քանի տասնյակ դիակներ, 1 ուղղաթիռ և 2 ԱԹՍ:

Հայկական կողմից զոհվել է 18 զինծառայող, մոտ 37-ը վիրավոր է: Հայկական կողմը նաև կորցրել է մեկ տանկ: Բացի առաջնագծում ընթացող մարտերից, հակառակորդը հրթիռահրետանային հարվածներ է հասցրել խաղաղ բնակավայրերին: Մարտունիում դպրոցի հրետակոծման հետևանքով զոհվել է 12-ամյա երեխա, 3 տարեց մարդ դաժանաբար սպանվել է Թալիշ գյուղում: Եվս 6 քացաքացիական, որոնցից երկուսը երեխա էին, վիրավորվել են:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---