ԴԱՀԿ պետը հրաժարական է տվել. Պատճառը պանամական օֆշորների մասին հրապարակումներն են

ԴԱՀԿ պետը հրաժարական է տվել. Պատճառը պանամական օֆշորների մասին հրապարակումներն են

PanARMENIAN.Net - ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Միհրան Պողոսյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Հայկական և միջազգային մամուլում վերջերս պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իմ անունը։ Ցավում եմ, որ անունս արծարծվում է միլիարդավոր դոլարներ իրականում սեփականացրած՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ընտանիքի կողքին։

Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից», - տեղեկացրել է Պողոսյանը։

Նա նաև նշել է, որ օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնա արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու։

Լրագրողական հետաքննությունների միջազգային կոնսորցիումի` ICIJ-ի (International Consortium of Investigative Journalists) լրագրողների մոտ են հայտնվել օֆշորների վերաբերյալ մի շարք գաղտնի փաստաթղթեր, որոնցում շոշափվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու նրա բարեկամների անունները: Լրագրողները պարզել են, որ Ալիևը գրանցված է օֆշորներում` ոսկու հանքավայրերում ու լոնդոնյան անշարժ գույքում իր ունեցած մասնաբաժինները քողարկելու համար:

Հայկական ԶԼՄ-ներում շրջանառվում էր, որ օֆշորային ընկերությունների գաղտնազերծված միլիոնավոր փաստաթղթերում կան նաև հայաստանցիների՝ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանի և նրա բարեկամների անունները։ Պողոսյանը, ըստ հրապարակման, Պանամայում գրանցված երեք ընկերության բաժնետեր է, շվեյցարական բանկերից մեկում դրանցից երկուսի հաշվեհամարի կառավարման իրավասու միակ անձը: Ըստ հետաքննության, օֆշորային ընկերություններն են տնօրինում նաև Հայաստանում գրանցված կազմակերպություններ, որոնք ծառայություններ են մատուցում Պողոսյանի գլխավորած ԴԱՀԿ ծառայությանը, գրել էր «Հետք»-ը:

Միհրան Պողոսյանը 2008թ.-ից ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետի պաշտոնն է զբաղեցրել, 2007-2008թթ. եղել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ, 2006-2007թթ.՝ ԼՂՀ ԱԱԾ կարևորագույն գործերով ավագ օպերլիազոր, կոչումը` մայոր:

2000-2006թթ.՝ ՀՀ ԱԱԾ Երևանի քաղաքային վարչության օպերլիազոր: 1998-2000թթ.-ին ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում:

ՀՀ նախագահի 2012թ. փետրվարի 20-ի հրամանագրով շնորհվել է արդարադատության գեներալ-մայորի կոչում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---