Թուրքիան կոչ է արել մահմեդական երկրներին ճանաչել Կոսովոն` «իսլամական աշխարհը հզորացնելու համար»

Թուրքիան կոչ է արել մահմեդական երկրներին ճանաչել Կոսովոն` «իսլամական աշխարհը հզորացնելու համար»

PanARMENIAN.Net - Կոսովոյի ճանաչումը մահմեդական երկրների կողմից «կհզորացնի իսլամական աշխարհը», հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Կուրտուլմուշը:

«Թեև Կոսովոն գտնվում է Եվրոպայում, այդ երկիրն իսլամական մշակույթի կարևորագույն բաղադրիչներից է: Կոսովոն ծանոթացնում է Եվրոպային իսլամի հարուստ ժառանգության հետ: Կոսովոյի ճանաչումը կհզորացնի իսլամական աշխարհը»,-հայտարարել է Կուրտուլմուշը Կոսովո այցելության ժամանակ:

Ըստ նրա, Թուրքիան կողմ է, որպեսզի Կոսովոյի անկախությունը որքան հնարավոր է շուտ ճանաչվի մահմեդական երկրների կողմից: Նա նաև կարևորել է ԵՄ և Կոսովոյի միջև մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումը և հետագայում` անդամակցումը ԵՄ-ին:

«Կոսովոյում մոտ 18-20 հազար թուրք է ապրում: Թուրքերը Կոսովոյի ամենաինտեգրված ազգային փոքրամասնությունն են: Մեր հայրենակիցներն իրենց ազգային փոքրամասնություն չեն համարում: Նրանք իրենց համարում են այդ երկրի տերերը…Մեզ համար Կոսովոն նույնն է, ինչ չճանաչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետությունը կամ Ադրբեջանը: Մենք դիտարկում ենք Կոսովոն որպես մի երկիր, որի հետ Անկարան ամուր բարեկամական կապեր ունի»,-հավելել է Թուրքիայի փոխվարչապետը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

1999 թ. Ալբանիայի ազատագրման բանակի և Սերբիայի ոստիկանության միջև զինված դիմակայությունը հանգեցրեց Հարավսլավիայի ռմբակոծությանը ՆԱՏՕ-ի ուժերի կողմից: 2004 թ. մարտին Կոսովոյի ալբանացիները ջարդեր կազմակերպեցին, որի հետևանքով սերբերը զանգվածաբար հեռացան այնտեղից, ոչնչացվեցին սերբական բազմաթիվ հուշարձաններ: 2008-ի փետրվարի 17-ին Կոսովոյում ալբանական իշխանությունը հայտարարեց Սերբիայից անկախանալու մասին, խորհրդարանը համապատասխան հռչակագիր ընդունեց։ Սերբիան չէր ընդունել ինքնահռչակ հանրապետությունը, բայցև չէր կարող խանգարել գործընթացին: Այժմ Կոսովոյի անկախությունը ճանաչել է ավելի քան 100 պետություն։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---