Ադրբեջանցիների կողմից գլխատված զինվորների ընտանիքները դիմել են ՄԻԵԴ

Ադրբեջանցիների կողմից գլխատված զինվորների ընտանիքները դիմել են ՄԻԵԴ

PanARMENIAN.Net - 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով սպանված, իսկ այնուհետև գլխատված, խոշտանգված զինծառայողների ընտանիքի անդամների անունից իրավաբան-իրավապաշտպանների խմբի կողմից ընդդեմ Ադրբեջանի հայցեր են ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին տեղեկացնում է Իրավաբան-իրավապաշտպանների խմբի անդամ, Արտակ Զեյնալյանը:

Դիմողներն իրենց խախտված իրավունքների պաշտպանության համար դիմել են դատարան` դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցների, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումները ճանաչելու խնդրով:

2016-ի ապրիլի 9-ին և 15-ին դատարանը գրանցել է գանգատները և այդ մասին տեղեկացրել է դիմողների ներկայացուցիչներին: Դատարանը սեփական նախաձեռնությամբ գանգատներին տվել է անանունություն՝ սահմանափակելով այդ վարույթների շրջանակում ընդունվող որոշումների և այլ փաստաթղթերի հանրային հասանելիությունը: Այս հանգամանքով պայմանավորված՝ դիմողները և նրանց ներկայացուցիչները չեն կարող ապահովվել հանրությանը տեղեկատվության լիարժեք հասանելիությունը: Դատարանի ընթացակարգային կանոնների խախտումը դիտարկվում է իրավունքների չարաշահում և կարող է հանգեցնել ընդհուպ դատարանի կողմից դիմումների քննության դադարեցմանը:

«Հաշվի առնելով վերոգրյալը՝ խնդրում ենք լրագրողներին և այլ անձանց զերծ մնալ գործերի մանրամասների վերաբերյալ զոհերի ընտանիքների անդամներին և նրանց ներկայացուցիչներին հարցեր առաջադրելուց, ինչպես նաև այլ աղբյուրներից ստացված, չճշտված տեղեկատվության հանրայնացումից՝ գործերի քննության ընթացքին չվնասելու նկատառումներով:

Հավաստիացնում ենք, որ դիմողների ներկայացուցիչները հանրությանն անհրաժեշտ տեղեկատվությունը բարեխղճորեն կտրամադրեն` իրենց նախաձեռնությամբ` դատարանի ընթացակարգային կանոններին համապատասխան»,- ասված է հաղորագրության մեջ:

«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն ապրիլի 21-ին հայտարարել է, որՀայաստանն ունի բոլոր հիմքերը Հաագայի միջազգային քրեական դատարան, ՄԻԵԴ և այլ միջազգային կառույցներ դիմելու համար՝ ադրբեջանական վայրագությունները որպես հանցագործություն գնահատելու պահանջով:

«Տարվում է փաստահավաք աշխատանք, վերլուծություններ են արվում, որոնց արդյունքների մասին խոսելը դեռ վաղ է: Երբ աշխատանքն ավարտվի, դուք այդ մասին կիմանաք: Հանգիստ եղեք, ժամանակից չենք ուշանա, քայլերը արվում են»,- ասել է Ալավերդյանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---