Տնամերձ տնկարանների ծրագրով եկամտի աղբյուր է ստեղծվում Տավուշի գյուղերում. Աճեցվում է ավելի քան 3500 ծառ

Տնամերձ տնկարանների ծրագրով եկամտի աղբյուր է ստեղծվում   Տավուշի գյուղերում. Աճեցվում է ավելի քան 3500 ծառ

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի արևելյան գոտու երկայնքով տեղի ունեցած բախումների նախօրեին «Էյ Թի Փի»-ն Երևանից մոտ 130 կմ հեռավորության վրա գտնվող Աղավնավանք գյուղում էր՝ Տավուշի մարզում։

«Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը («Հայաստան Ծառատունկ ծրագիր») փոքր ձեռնարկություններ խթանելու նպատակով 2004-ին մեկնարկել է Տնամերձ տնկարանների ծրագիրը։

Վերջին տարիներին այս ծրագիրը կենտրոնացրել է մի քանի համայնքներում, այդ թվում՝ Աղավնավանքում, որտեղ մի շարք ընտանիքներ, իսկապես, հմտացել են ծառի խնամքի գործում: Ծրագրի միջոցով տեղացիները սովորում են իրենց տնամերձ հողակտորներում բուսակներ և տնկիներ բազմացնելու ճշգրիտ եղանակները, որից հետո «Էյ Թի Փի»-ն շահավետ պայմաններով գնում է գյուղացուն նախապես, անհատույց տրամադրված այդ ծառերը՝ հարակից անտառներում վերատնկելու նպատակով։

«Ծրագրի գրավչությունը հենց նրանում է, որ այս ընտանիքները վճարվում են լավ կատարված աշխատանքի՝ ծառերը ճիշտ խնամելու և աճեցնելու համար»,- նշում է «Էյ Թի Փի»-ի Համայնքային ծառատունկ ծրագրի ղեկավար Արթուր Հարությունյանը, ով, միաժամանակ, համակարգում է Տնամերձ տնկարանների ծրագիրը։

«Ավելին, Եվրախորհրդարանի կողմից արժանացել ենք «Համաշխարհային էլեկտրախնայողություն՝ հանուն կայունության» մրցանակին, որը հիմնվել է կայունություն ապահովող 3 ասպեկտի, այն է՝ մարդու, եկամտի և մոլորակի վրա մեր ծրագրի դրական ազդեցության վրա»։

Տնամերձ տնկարանների ծրագիրը գործում է նաև Շիրակի և Գեղարքունիքի մարզերում: Քեթի գյուղի 6 ընտանիք արդեն երկու տարուց ծառեր կվաճառեն «Էյ Թի Փի»-ին, իսկ լեռնային Ճամբարակի ևս 4 ընտանիք մի քանի տարի է, ինչ ծրագրի շահառուներ են: Այս գյուղն առանձնանում է իր յուրահատուկ կլիմայով. ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա բույսերի վեգետացիան ավելի ուշ է սկսվում, ինչը հնարավորություն է ընձեռում այս տնամերձերից գնված և շրջանի բնակլիմայական պայմաններին համապատասխան ծառերը վերատնկել հարակից բարձրադիր համայնքներում, երբ հարավային բնակավայրերում ծառատունկի շրջանն արդեն ավարտված է լինում:

«Տնամերձ տնակարնների ծրագիրը ծառայում է մի քանի նպատակների», - նշում է Հարությունյանը՝ հավելելով, որ այսպիսով հնարավորություն է ստեղծվում տարբեր կլիմայական գոտիներում գտնվող համանքներին տարատեսակ տնկիներ մատակարել, մարդկանց ծառ տնկելու եւ խնամքի առավել արդյունավետ եղանակներ սովորեցնել, և, վերջապես, վճարել նրանց մեր նորատունկ անտառների համար նախատեսված որակյալ տնկիներ աճեցնելու դիմաց։

Այս ծրագրի շնորհիվ աշխատատեղեր են ստեղծվել Աղավնավանքի 5 տնային տնտեսության համար, ինչը շարունակում է մնալ որպես կայուն եկամուտի աղբյուր այս ընտանիքների համար։ Ի դեպ, աղավնավանքցիների գրեթե 80%-ն Բաքվից այստեղ է վերաբնակեցվել 1990-ականներին՝ Ադրբեջանի հակահայ քաղաքականության արդյունքում:

«Մենք Աղավնավանք ենք տեղափոխվել Բաքվի ջարդերից հետո»,- պատմում է գյուղի բնակիչ Կամո Միրզոյանը՝ նշելով այս համայնքում կյանքն առանձնահատուկ դարձնող և հայրենի հողում իրեն պահող մի քանի հանգամանք։ «Դրանց մեկն էլ «Էյ Թի Փի»-ի տրամադրած կայուն եկամուտն է, որի շնորհիվ կարողացել եմ վերանորոգել տունս: Մտածում եմ մի հատվածում հյուրատուն կառուցել, որտեղ կհանգրվանեն գյուղ այցելող բազմաթիվ զբոսաշրջիկներ», - իր հետագա անելիքներով է կիսվում Կամոն։

«Աղավնավանքի 6 ընտանիքներն այժմ աճեցնում են ընդհանուր թվով ավելի քան 3500 ծառ: Մեր նպատակն է ընդլայնել այս ծրագիրը, ուստի փորձում ենք ներգրավել ու վերապատրաստել նոր ընտանիքների», - նշում է Հարությունյանը:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---