300-ից ավելի քուրդ գրոհային է սպանվել Նուսայբինում պարետային ժամ հայտարարելուց հետո

300-ից ավելի  քուրդ գրոհային է սպանվել  Նուսայբինում պարետային ժամ հայտարարելուց հետո

PanARMENIAN.Net - Թուրքիայի Մարդին նահանգի Նուսայբին շրջանում տևական ժամանակ է ռազմական օպերացիաներ են իրականացվում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (ՔԱԿ-PKK) զինյալների դեմ:

Նահանգապետարանը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, թե մարտի 14-ից՝ պարետային ժամ հայտարարելուց հետո մինչև օրս Նուսայբինում վնասազերծվել է 305 PKK-ական: Իսկ թուրքական կողմի տված զոհերի թիվը կազմել է 49: Մարտական գործողությունների վայրից տարհանվել է 371 քաղաքացի, գրում է Ermenihaber.am-ը:

Նահանագպետարանը հայտնում է, որ դեռ շարունակվելու են PKK-ականների դեմ ուղղված ռազմագործողությունները:

Ապրիլի 25-ին Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) առաջնորդ Ջեմիլ Բայիկը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր կազմակերպությունը պատրաստ է ընդլայնել ռազմական գործողությունները Թուրքիայի դեմ:

«Քրդերը պաշտպանվելու են մինչև վերջ: ՔԱԿ-ը կընդլայնի ռազմական գործողությունները»,-ասել է Բայիկը: Միևնույն ժամանակ քուրդ առաջնորդը նշել է նաև, որ ՔԱԿ-ը չի ձգտում անջատել քրդական շրջանները Թուրքիայից և պատրաստ է համագործակցել թուրքական կողմի հետ, եթե Անկարան ցանկանա բանակցել:

ՔԱԿ և Թուրքիայի միջև հարաբերությունները կտրուկ սրվեցին Սուրուչ քաղաքում հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, երբ 32 մարդ զոհվեց, հիմնականում քրդեր: ՔԱԿ զինյալները մեղադրեցին Թուրքիայի իշխանություններին իսլամիստներին աջակցելու մեջ: ՔԱԿ-ը հայտարարեց զինված պայքարի վերսկսման մասին, քանի որ թուրք իրավապահները խախտել են հրադադարի մասին պայմանավորվածությունը: ՔԱԿ գրոհայինները գրեթե ամեն օր հարձակումներ են գործում տարբեր օբյեկտների վրա Թուրքիայում:

ՔԱԿ-ն անկախության համար պայքար է մղում ժամանակակից Թուրքիայի արևելքում 80-ականներից ի վեր: Պատերազմի ընթացքում ավելի քան 40 հազար մարդ է զոհվել, թուրքական տնտեսությանը 1984 թ. ի վեր հասցված վնասը գնահատվում է 1 տրլն դոլար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---