ԵՄ և Թուրքիայի միջև վիզաների ազատականացման վերաբերյալ հանդիպումը չի կայանա

ԵՄ և Թուրքիայի միջև վիզաների ազատականացման վերաբերյալ հանդիպումը չի կայանա

PanARMENIAN.Net - Եվրամիությունն ու Թուրքիան չեղարկել են մայիսի 13-ին Բրյուսելում կայանալիք բարձր մակարդակի երկկողմ հանդիպումը, որտեղ նախատեսվում էր ի թիվս այլ հարցերի քննարկել նաև Թուրքիայի քաղաքացիների համար մուտքի արտոնագրերի ազատականացման հարցը: Այդ մասին հայտնել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչ Մայա Կոսյանովիչը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Մայիսի 13-ին կայանալիք հանդիպումը հետաձգելու որոշումը համատեղ է կայացվել»,-ասել է նա լրագրողներին` հայտնելով, որ նոր հանդիպման օրը դեռ որոշված չէ: Նման որոշման պատճառները չեն նշվել:

Մայիսի 4-ին Եվրահանձնաժողովն առաջարկեց Եվրախորհրդարանին և ԵՄ-ին չեղարկել մուտքի արտոնագրերի սահմանափակումները Թուրքիայի քաղաքացիների համար, եթե Անկարան մինչև 2016-ի հունիսը կատարի վիզաների չեղարկման համար պահանջվող պայմաններից մնացած 5-ը: Այդ թվում` կոռուպցիայի կանխմանն ուղղված միջոցառումներ, բանակցություններ Եվրոպոլի հետ օպերատիվ համաձայնագրի մասին, դատական համագործակցություն բոլոր անդամ երկրների հետ, տվյալների պաշտպանության կանոնների ներդաշնակեցում ԵՄ չափանիշներին և ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության վերանայում:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր, որ Անկարան չի պահպանի փախստականների մասին ԵՄ հետ պայմանավորվածությունները, եթե Եվրամիությունը չկատարի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ խոստումը: «ԵՄ-ն նահանջելու հնարավորություն չունի այն բանից հետո, երբ մենք այսքան հեռուն ենք գնացել»,-հայտարարել է Դավութօղլուն:

Ըստ Թուրքիայի և ԵՄ միջև գործարքի պայմանների, Անկարան ընդունելու է փախստականներին, որոնք ապօրինաբար են հասնում Հունաստանի ափերին: Փոխարենը Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվի մուտքի արտոնագրերի ռեժիմը ԵՄ երկրների հետ, կարագացվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, և ևս 3 մլրդ եվրո կհատկացվի արդեն խոստացված 3 մլրդ եվրոյից բացի:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԵՄ-ն մտադիր է իրեն իրավունք վերապահել վերադարձնել մուտքի արտոնագրերի ռեժիմը Թուրքիայի, Վրաստանի և Ուկրաինայի համար: Իսկ մինչ այդ Դավութօղլուն հայտարարել էր, որ արդեն ընթացիկ տարվա հունիսին Թուրքիայի քաղաքացիները կկարողանան ԵՄ երկրներ այցելել առանց մուտքի արտոնագրի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---