Նախագահը՝ կուսակցությունների 2-րդ համաժողովին. Այս ձևաչափը թույլ կտա միասնական դիրքորոշում ամրագրել

Նախագահը՝ կուսակցությունների 2-րդ համաժողովին. Այս ձևաչափը թույլ կտա միասնական դիրքորոշում ամրագրել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ համաժողովի մասնակիցներին ուղերձ է հղել:

«Ուրախ եմ, որ Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությանը արձագանքել և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում հավաքվել են Հայաստանի և Արցախի խորհրդարաններում ներկայացված կուսակցությունների ներկայացուցիչները:

Երկու հայկական պետության հետագա ամրապնդման համար հույժ կարևոր են հետագա ժողովրդավարացման, պետական կառավարման համակարգերի արդյունավետության բարձրացման, մարդու իրավունքների լիարժեք իրացմանն ուղղված հետևողական և համակարգված ջանքերը, որոնց հիմնական իրագործողները քաղաքական կուսակցություններն են», - ասել է նախագահը:

Նրա խոսքով, տեղյակ է, որ համաժողովի մասնակցության հրավերին արձագանքել են քաղաքական ուժեր, քաղաքական գործիչներ, որոնք ունեն տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ զանազան հարցերի շուրջ, սակայն պատրաստակամություն են հայտնել միասնաբար նախանշել ուղիներ հասարակության ներսում քաղաքական կուսակցությունների գործունեության, տեղեկատվության, քաղաքացիական հասարակության ու արտաքին կապերի, Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

«Համոզված եմ, որ նման ձևաչափը քաղաքական կուսակցություններին հնարավորություն կընձեռի ներկուսակցական դիրքորոշումների հիման վրա ամրագրել նաև միասնական համազգային դիրքորոշումեր: Առավել ևս, որ շաբաթներ առաջ Լեռնային Ղարաբաղի սահմանագծում ընթացող ռազմական գործողությունները հերթական անգամ ապացուցեցին համազգային միասնականության ներուժը և մեր ժողովրդի՝ ազատ ապրելու և այդ ազատությունը պաշտպանելու վճռականությունը:

Ուժեղ պետությունը պետք է ունենա ուժեղ բանակ և ազգային արժեհամակարգի հենքի վրա գործող ժամանակակից քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգեր», - հավելել է Սարգսյանը:

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նույնպես ուղերձ է հղել հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումի մասնակիցներին:

« Երկրորդ ֆորումի անցկացումն Ստեփանակերտում կարևոր է և պահանջված, հատկապես՝ ներկա ժամանակահատվածում:Մեր կուսակցություններին բնորոշ է մի կարևոր յուրահատկություն. ունենալով տարբեր նպատակներ ու ծրագրեր, անդամներ ու համախոհներ՝ ճակատագրական և վճռորոշ պահերին նրանք կարողանում են համախմբվել համազգային գաղափարների շուրջ ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախում ու Սփյուռքում և միասնական ուժերով լուծել խնդիրները:

Այդպես էր նաև ապրիլյան պատերազմի օրերին, երբ հայկական քաղաքական ուժերը դրսևորեցին սկզբունքային դիրքորոշում, ցուցաբերեցին օրինակելի միասնականություն, համախմբեցին հասարակությանը Արցախին սատարելու, մեր ժողովրդի և պետության անվտանգությունը թշնամու նենգ ոտնձգություններից պաշտպանելու համար:

Մեծ է քաղաքական կուսակցությունների դերը ժողովրդավարական երկրների կյանքում: Հայաստանում և Արցախում ունենք կայացած ու լիարժեք գործող կուսակցություններ:

Սփյուռքում գործում են մեր ավանդական կուսակցությունները, որոնք քաղաքական գործունեության հետ մեկտեղ մեծ աշխատանք են տանում նաև հայ ազգային ինքնության պահպանման և հայրենիքի հետ կապերի ամրապնդման ուղղությամբ: Դա լավ հնարավորություն է ստեղծում Հայաստան-Արցախ-Սփյուռք միջկուսակցական համագործակցության համար», - ասել է Սահակյանը:

Նախագահը ֆորումի բոլոր մասնակիցներին մաղթել ակտիվ ու արդյունավետ աշխատանք:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում մայիսի 21-22-ին ՀՀԿ նախաձեռնությամբ տեղի է ունենում «Հայկական քաղաքական կուսակցությունների երկրորդ ֆորումը»: Մասնակցում են ՀՀ և ԼՂՀ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---