«Ես` Դենիել Բլեյքը»` Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր

«Ես` Դենիել Բլեյքը»` Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր

PanARMENIAN.Net - 2016-ի Կաննի կինոփառատոնի արդյունքներն անսպասելի էին բոլորի համար` ֆավորիտ համարվող ֆիլմերից ոչ մեկը Գրան պրիի կամ «Ոսկե արմավենու ճյուղի» չարժանացավ: Ժյուրին որոշեց գլխավոր մրցանակը հանձնել բրիտանացի Քեն Լոուչի «Ես` Դենիել Բլեյքը» սոցիալական դրամային`անօգուտ դարձնելով կինոքննադատների բոլոր կանխատեսումները:

Քննադատները հենց առաջին օրերից ընտրել էին իրենց ֆավորիտներին` հանդիսատեսն անմիջապես սիրահարվեց երիտասարդ գերմանացի ռեժիսոր Մարին Էդի «Թոնի Էրդման» կինոկատակերգությանը: Ֆավորիտների թվում էին նաև Անդրեա Առնոլդի «Անուշիկ ամերիկուհին», Ջիմ Ջարմուշի «Պատերսոնը», Ջեֆ Նիկոլսի «Լավինգը» և Փոլ Վերհովենի վերադարձը եվրոպական կինո ազդարարած «Նա» ֆիլմը:

Իսկ Կլեբեր Ֆիլհո Մենդոնսի «Ակվարիուս», Նիկոլաս Վինդինգ Ռենի «Նեոնային չարքը» և Քրիստիան Մունջիուի «Ավարտական երեկոն» քննադատներին 2 ճամբարի բաժանեցին` մի մասը շատ հավանեց այդ ֆիլմերը, մյուսը` հակառակը:

Այս տարի ֆիլմերի ճակատագիրը որոշում էր ավստրալացի ռեժիսոր Ջորջ Միլլերի գլխավորած ժյուրին, որի անդամներն էին Քիրստեն Դանստը, Վանեսա Պարադին, կինոռեժիսոր Առնո Դեպլեշենը, իտալացի դերասան և կինոպրոդյուսեր Վալերիա Գոլինոն, դանիացի դերասան Մադս Միքքելսենը, հունգարացի ռեժիսոր Լասլո Նեմեշը, իրանցի պրոդյուսեր Կատայուն Շահաբին և կանադացի դերասան ու պրոդյուսեր Դոնալդ Սազերլենդը:

Կանխատեսումներն արդարացան միայն Առնոլդի հարցում, որը ստացավ ժյուրիի մրցանակը: Գրան պրին հանձնեցին Քսավիե Դոլանին, որն արդեն մրցանակ ստացել էր «Մայրիկը» ֆիլմի համար, մինչդեռ քննադատաները բավականին սառը ընդունեցին ֆիլմը: Լավագույն ռեժիսուրայի համար մրցանակը հանձնվեց ռումինացի Քրիստիան Մունջիուին «Ավարտական երեկո» ֆիլմի համար, որը ընտրության դժվարության մասին է և Օլիվյե Ասսայասին Քրիստեն Ստյուարտի մասնակցությամբ «Անհատական գնորդը» թրիլերի համար, որը սուլոցների արժանացավ առաջին իսկ ցուցադրության ժամանակ:

Պարսկական «Առևտրականը» հոգեբանական դրաման միանգամից 2 մրցանակի է արժանացել` Ասգար Ֆարհադին մրցանակ ստացավ լավագույն սցենարի համար, իսկ Շահաբ Հոսսեյին` տղամարդու լավագույն դերակատարման համար: Լավագույն դերասանուհին Ժաքլին Հոսեն, որը նկարահանվել է ֆիլիպինցի Բրիյանտե Մենդոսայի «Մա' Rosa» ֆիլմում: Երբ դերասանուհին իր երախտագիտական խոսքն էր ասում, Դոլանը չկարողացավ արցունքները զսպել: Ի դեպ, երիտասարդ ռեժիսորն ընդհանուր առմամբ շատ էմոցիոնալ էր այդ երեկո: Palme D'Honneur հատուկ մրցանակը ստացավ ֆրանսիացի դերասան Ժան Պիեռ Լեոն, որը նկարահանվել է Ֆրանսուա Տրյուֆֆոյի, Ժան Լյուկ Գոդարի, Պիեռ Պաոլո Պազոլինիի և Բերնարդո Բերտոլուչչիի ֆիլմերում: «Կարճ մետր» ծրագրում մրցանակի արժանացավ իսպանացի Խուանխո Գիմենեզը «Timecode» ֆիլմի համար:

«Հատուկ հայացք» մրցանակի արժանացավ ֆին ռեժիսոր Յուխո Կուոսմանենի «Օլլի Մակի ամենաերջանիկ օրը» ֆիլմը:

Այս տարի Հայաստանը ներկայացնում էր ռեժիսոր Էվելինա Բարսեղյանը: Նրա «Բրավիստ» կարճամետրաժ կինոնկարի պրեմիերան տեղի ունեցավ Կաննի արտամրցութային Short film corner ծրագրում: Eurochannel և ShortsTV հեռուստաալիքները ձեռք են բերել ֆիլմը միջազգային ցուցադրության համար:

Բացի այդ, էվելինա Բարսեղյանը մասնակցել է սցենարիստների մրցույթին և երրորդ եզրափակիչ տուրի արդյունքում նրա նոր նախագիծը` «Baby» նախագիծ-սցենարը գրավել է Կաննում 3-րդ տեղը:

«Դա նշանակում է, որ երբ սցենարը պատրաստ լինի, ես կարող եմ հավակնել, որ նրանք հանդես կգան որպես պրոդյուսեր»,-ասել է նա: Նա հավելել է, որ ներկայացված էր մոտ 700 հայտ: Հայ ռեժիսորը սկզբից ընդգրկվել է լավագույն 20-ում, հետո` 10-ում, հետո` եզրափակչի 3 ֆիլմում:

Կաննի 69-րդ փառատոնն անցել է մայիսի 11-22-ը, հիմնական մրցույթին մասնակցել է 21 կինոնկար: Էվելինա Բարսեղյանի նախորդ` «Մեկը ձեզ սիրում է» (2014) և «Փայլատակողը» (2015) ֆիլմերի պրեմիերաները նույնպես տեղի են ունեցել Կաննի փառատոնում:

Ընթերցեք նաև. Հայ ռեժիսորի ֆիլմը՝ Կաննի փառատոնի արտամրցութային ծրագրում (վիդեո)

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---