Բալաքյան. Հայաստանի Հանրապետությունն իսկական հույս է բոլոր հայերի համար

Բալաքյան. Հայաստանի Հանրապետությունն իսկական հույս է բոլոր հայերի համար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությանը: Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակին արժանացել է ԱՄՆ-ից Փիթեր Բալաքյանը՝ գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար, հայտնում է Tert.am-ը:

«Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդնելու անվանակարգում այս անգամ ճանաչել ենք եգիպտացի վավերագիրների՝ «Ո՞վ սպանեց հայերին» ֆիլմի հեղինակների և ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանի վաստակը:

Բալաքյանը ներկայացրել է իր պապիկի կյանքի պատմությունը և նշել, որ նրա երազանքը իրականացավ Հայաստանի Հանրապետության տեսքով և այսօր այն մի իսկական հույս է բոլոր հայերի համար:

Անդրադառնալով Հայոց պատմությանը՝ նա նկատել է, որ հայերը հնագույն քաղաքակրթություն և դարավոր պատմություն ունեն, անդրադարձել 1915 թվականի Ցեղասպանությանը, 1918-1920 թվականների անկախությանը, խորհրդային տարիներին և արցախյան հերոսամարտին:

«Հայերը դիմացան, դիմադրեցին, ծաղկեցին և հաղթահարեցին դժվարին խոչընդոտները: Հայերը պահպանեցին մշակութային ինքնությունը, զարգացան հարուստ ռեսուրսներով»,-ասել է նա և նշել, որ շատ հարուստ լեզվով և գրականությամբ, ցնցող ճարտարապետությամբ, եկեղեցիներով, մաթեմատիկայի ֆիզիկայի, հումանիտար գիտությունների բնագավառում հաջողություններով, հայոց ձեռնարկատիրական ոգով հայերն ունեցել են իրենց ներդրումը տնտեսության զարգացման մեջ:

«Որպես պոետ և գրող՝ ես պարտք ունեմ հայոց գրականությանը և մշակույթին, և չնայած լեզվին չեմ տիրապետում, բայց հայերենն այն լեզուն է, որով խոսել են իմ ծնողները»,-ասել է նա և նշել, որ ինքը ներծծել է հայկական մշակույթի բոլոր առանձնահատկությունները:

«Ես ներծծել եմ պատարագի այն հարստությունը, որ ամեն կիրակի հնչել է հայկական եկեղեցիներում»,-ասել է նա` հավելելով, որ իր ճամփորդություններում եղել է բազմաթիվ հայկական համայնքներում: «Բոլոր այդ համայնքներում, մայրցամաքներում կա շարունակականություն հայոց մշակույթի, մշակութային պարտքի, մարդկային ջերմության, որը կյանքի ուժ է, իսկական կենսունակություն է և մեր ներդրումն է համաշխարհային ասպարեզում: Մենք զարգանում ենք մեր սեփական պատմության շուրջ: Անգամ մեր ներքին խնդիրներով, արտաքին ժողովրդիների հետ ունեցած խնդիրներով և այն պայքարով, որ մենք մղում ենք այդ խնդիրների լուծման համար՝ Հայաստանի Հանրապետությունը իսկական ոգեշնչում է ամբողջ աշխարհի համար»,-հավելել է նա:

Մի շարք բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար շնորհված մրցանակները՝ համանուն վկայագիրը և դրամական պարգևը, մրցանակակիրներին հանձնել են նախագահ Սերժ Սարգսյանը և «Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի ներկայացուցիչ, սփյուռքահայ բարերար Ալբերտ Պողոսյանը: Սերժ Սարգսյանը շնորհավորել է մրցանակի արժանացածներին, նոր հաջողություններ մաղթել նրանց հետագա գործունեության ընթացքում:

Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի հիմնումից ի վեր (2001-2016թթ.) 335 անհատներ և կազմակերպություններ արժանացել են մրցանակի:

Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանն ապրիլի 18-ին արժանացել է Պուլիտցերյան պոեզիայի մրցանակին: Բալաքյանի «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքը, որի համար նա արժանացել է մրցանակին: Փիթեր Բալաքյանի բանաստեղծություններից մեկը Սիրիայի անապատում Հայոց ցեղասպանության զոհերի մասունքների նկարահանումների մասին է:

Ամերիկահայ գրող և բանաստեղծ Փիթըր Բալաքյանը ծնվել է 1951 թ.: Սովորել է Բանքս, Բրաուն և Նյու Յորքի համալսարաններում։ 1980 թվականից դասավանդում է Քոլգեյթ համալսարանում (Նյու Յորք, Համիլթոն): Աշխատակցել է «Նեյչըն», «Վիրջինիա քուորթըրլի», «Ռևյու» և այլ պարբերականների։ Ժողովածուներից են՝ «Ֆիշhեյ hայրը» (1979), «Պայծառության տխուր օրեր» (1983)։

2003 թվականին լույս տեսած «Այրվող Տիգրիս. Հայոց ցեղասպանություն և Ամերիկայի արձագանքը» (The Burning Tigris։ The Armenian Genocide and America’s Response, 2003) ծավալուն փաստավավերագրական աշխատությունը «Նյու Յորք Թայմս» թերթի կողմից ճանաչվել էր «Տարվա նշանակալից գիրք»։ 1998-ին «Ճակատագրի սև շունը» (Black Dog of Fate, A Memoir) հուշագրությունը (հայերեն է թարգմանվել Արտեմ Հարությունյանի կողմից՝ հրատարակվելով 2004 թ.) ճանաչվել էր «Տարվա լավագույն գիրք»: 2010 թ. հայերեն լեզվով հրատարակվել է հեղինակի «Լույսի տխուր օրերը» բանաստեղծությունների ժողովածուն։

Բալաքյանն իր գրչընկերոջ՝ Արիկ Սևակի հետ անգլերեն է թարգմանել ու հրատարակել է իր պապի եղբոր՝ արքեպիսկոպոս Գրիգորիս Պալաքյանի «Հայկական Գողգոթա» խորագրով ծավալուն հուշագրությունը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---