Գերմանիա տեղափոխված վիրավոր զինվորի մոտ թեթևակի դրական տեղաշարժ կա

Գերմանիա տեղափոխված վիրավոր զինվորի մոտ թեթևակի դրական տեղաշարժ կա

PanARMENIAN.Net - Համբուրգի «Asklepiosklinik Barmbek Hamburg» կլինիկայում բուժումը շարունակող, Արցախում ապրիլին մարտական դիրքերում ծանր վիրավորում ստացած 19-ամյա Արման Լազգիյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, առկա է թեթևակի դրական տեղաշարժ: Բազմապրոֆիլ աշխտորոշիչ հետազոտություններն ինտենսիվ շարունակվում են: Մայիսի 30-ին կիրկանացվեն միջնորմի, շնչափողի, բրոնխների և թոքերի խորացված հետազոտություններ: Կատարվում են նաև ողնաշարի և ողնուղեղի ախտորոշիչ միջոցառումներ: Վիրավորը ստանում է մասնագիտական բժշկական խնամք, հայտնում է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը:

Գերմանացի բժիշկները, մասնավորապես պրոֆեսորական կազմը, հիացմունք են հայտնել հայ մասնագետների իրականացրած աշխատանքից` սկսած վիրավորման պահից ցուցաբերված առաջին բուժօգնությունից, հիվանդի տեղափոխումից մինչև նեղ մասնագիտական բուժում:

«Մեզ մոտ եղած տեղեկատվությունը հնարավորություն է տալիս օբյեկտիվորեն հայ բժշիկների կատարածը գնահատել որպես փայլուն աշխատանք»,-նշել է կլինիկայի բժշկական մենեջմենթի ղեկավար Հրաչյա Արիջանյանը: Մայիսի 28-29-ին Արման Լազգիյանի առողջական վիճակը բարելավվել է: Այլևս չունենալով ինտենսիվ մշտադիտարկման և թերապիայի կարիք` նա տեղափոխվել է հիվանդասենյակ: Արմանը վիրավորում ստանալուց հետո առաջին անգամ սկսել է ինքնուրույն սնունդ ընդունել: Կերակրափող-շնչափողային խուղակը ամենայն հավանականությամբ ինքնուրույն փակվել է:

Վիրավորների բուժօգնությանը վերաբերող հարցերը շարունակում են առողջապահության նախարարության ամենօրյա ուշադրության կենտրոնում մնալ:

Ապրիլի 7-ին Թալիշի մարտական դիրքերում վիրավորված 19-ամյա Արման Լեզգիյանը ծնողների և ուղեկցող բժշկի հետ մայիսի 19-ին պետք է մեկներ Գերմանիա, Համբուրգ՝ տեղի ակադեմիական կլինիկայում համալիր վերականգնողական բուժում ստանալու: Սակայն մայիսի 17-ին նրա վիճակը կտրուկ վատթարացավ` նա կրկին ենթարկվեց վիրահատության և նրա տեղափոխումը Գերմանիա կատարվեց ավելի ուշ: :

Ծանր վիրավորված զինծառայողն ունի ողնաշարի, որովայնի ու կերակրափողի հետ կապված խնդիրներ: Իր հարցազրույցներում Միքայել Լազգիյանը ավելի վաղ ներկայացրել էր, որ «գնդակը մտել է կոկորդից, ողնաշարով դուրս եկել՝ վնասելով կերակրափողը, շնչափողը, ձայնալարերը, ողնաշարը, ողնուղեղը»: Ապրիլի 7-ին՝ վիրավորվելու օրը, նրան տեղափոխել են Մատաղիս, հետո Մարտակերտ, իսկ ապրիլի 8-ի առավոտյան ուղղաթիռով հասցրել Երևան: Նա մի քանի վիրահատության է ենթարկվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---