Օհանյան. Զինծառայողների սոցպաշտպանության հարցերը փորձում ենք ինտեգրել ընդհանուր սոցհամակարգին

Օհանյան. Զինծառայողների սոցպաշտպանության հարցերը փորձում ենք ինտեգրել ընդհանուր սոցհամակարգին

PanARMENIAN.Net - Ապրիլյան ռազմական գործողություններից հետո քայլեր են ձեռնարկվում զինծառայողների սոցիալական պաշտապանության ոլորտը նոր, ինստիտուցիոնալ հարթություն տեղափոխելու ուղղությամբ: Այդ նպատակով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը համատեղ հրաման են ստորագրել:

Հրամանով նախատեսվում է պաշտպանության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարներին կից ստեղծել զինծառայողների, նրանց հավասարեցված անձանց և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն աջակցող աշխատանքային խումբ, աշխատանքային խմբի կանոնակարգ: Հրամանի կատարումը վերահսկում են պաշտպանության և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարները, հայտնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Աշխատանքային խմբի ստեղծման նախադրյալները դրվել են 2016թ. մայիսի 6-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած համատեղ հանդիպման ժամանակ:

«Կարծում եմ՝ այն աշխատանքները, որոնք այս ընթացքում համատեղ իրականացվել են, ամուր հիմք են հանդիսացել զինծառայողների սոցիալական պաշտապանության ոլորտը նոր, ինստիտուցիոնալ հարթություն տեղափոխելու համար»,- ասել նախարար Արտեմ Ասատրյանը:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր հերթին նշել է, որ կարևորում է առավել հրատապ լուծման կարիք ունեցող հարցերի համատեղ քննարկման ձևաչափը:

«Մենք չափազանց կարևոր խնդիր ենք այսօր փորձում լուծել, ապրիլյան քառօրյա մարտական գործողություններից հետո զինծառայողների սոցիալական պաշտպանության խնդիրները փորձում ենք ինտեգրել ամբողջ հանրապետության սոցիալական համակարգին՝ զարգացման միտումներ ապահովելով»,- նշել է նախարար Սեյրան Օհանյանը:

Ավելի վաղ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտնել էր, որ բացի միանվագ վճարումներից, զոհվածների ընտանիքներին կուղղվեն նաև պարբերական վճարումներ:

Հայաստանի Ազգային ժողովի հունիսի 18-ի արտահերթ նիստում խորհրդարանականները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծով նախատեսվում է զինվորական ծառայության ընթացքում հիվանդություն կամ խեղում ստացած զինծառայողների բուժումն արտերկրում իրականացնել պետական բյուջեի միջոցների հաշվին, Հայաստանից դուրս զինծառայողի բուժման, կեցության և ճանապարհածախսի գումարը հատկացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ՀՀ կառավարության սահմանած կարգով և պայմաններով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---