Վրաստանում պահանջում են օրինականացնել թմրանյութերի օգտագործումը (Հարցում)

Վրաստանում պահանջում են օրինականացնել թմրանյութերի օգտագործումը (Հարցում)

PanARMENIAN.Net - Թբիլիսիում հարյուրավոր երիտասարդներ ցույց են անցկացրել Վրաստանի կառավարության շենքի դիմաց` պահանջելով ապաքրեականացնել թմրանյութերի օգտագործումը:

«Մենք հավաքվել ենք, որպեսզի մեր բողոքը հայտնենք թմրանյութերի հարցում երկրի քաղաքականության դեմ: Մեր գլխավոր պահանջն է, որ մարդկանց բանտ չնետեն թմրանյութեր օգտագործելու համար: Մենք ապաքրեականացում ենք պահանջում»,-ասել է լրագրողներին ակցիայի կազմակերպիչներից մեկը, «Օրիոն» շարժման ներկայացուցիչ Լեքսո Մաճավարանին:

Ակցիայի մասնակիցները, այդ թվում 14 ՈԿԿ-ների ներկայացուցիչների, պահանջում էին վերացնել քրեական և վարչական պատվժն անհատական օգտագործման համար փոքր դոզաներով թմրանյութ օգտագործելու, պահելու կամ գնելու, ինչպես նաև սեփական օգտագործման համար կանեփ աճեցնելու համար:

Ցուցարարները պահանջել են օրինականացնել մարիխուանան: Նմանատիպ պահանջներով ակցիաներ են անցել երկրի նաև այլ քաղաքներում` Քութաիսում, Բաթումում, Ռուսթավիում, հայտնում է Ինտերֆաքսը: Ավելի վաղ Վրաստանում ձախողվեց օրինագիծը, որով նախատեսվում էր չեղարկել փոքր ծավալներով մարիխուանա և կանեփ պահելու, ձեռք բերելու, սպառելու, պատրաստելու համար սահմանված ազատազրկումն ու նվազեցնել թմրանյութը պահելու համար տուգանքները: Օրինագծի ընդունման համար պակասեց 3 ձայն:

Քրեական և վարչական օրենսգրքում ուղղումների նախաձեռնողը պատգամավոր, նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի թիմակից և «Գիրչի» նոր քաղաքական կենտրոնի հիմնադիրներից մեկն է`Գոգա Խաչիձեն: Այժմ փոքր ծավալով մարիխուանա պահելու և օգտագործելու համար սահմանված է 500 լարի (մոտ 200 դոլար) վարչական տուգանք, իսկ երկրորդ միջադեպի դեպքում` սահմանված է քրեական պատասխանատվություն, որով նախատեսվում է տուգանք կամ մինչև 1 տարի ազատազրկում:

Ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանում ամեն 10 հազար մարդուն բաժին է ընկնում 29 թմրամոլ: Ամենատարածված թմրանյութը մարիխուանան է: Ըստ Վրաստանի ՔՕ մարիխուանա պահելու և տարածելու համար որպես պատիժ սահմանված է 11 տարվա ազատազրկում, իսկ սպառման համար` մինչև 1 տարի ազատազրկում կամ տուգանք:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---