«Բենիկ Պետրոսյանի բրոնզի դարը» հետահայաց ցուցահանդես` Ազգային պատկերասրահում

«Բենիկ Պետրոսյանի բրոնզի դարը»  հետահայաց ցուցահանդես` Ազգային պատկերասրահում

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային պատկերասրահում հունիսի 17-ին բացվելու է «Բենիկ Պետրոսյանի բրոնզի դարը» խորագրով հետահայաց ցուցահանդես` նվիրված նշանավոր քանդակագործի մահվան 20-րդ տարելիցին: Այս մասին տեղեկացրել են Ազգային պատկերասրահից:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչև հուլիսի 10-ը ներառյալ, գրում է Panorama.am-ը:

Բենիկ Պետրոսյանը (1939-1996) առավելապես հայտնի է որպես մանրաքանդակի հիմնադիր և անգերազանցելի վարպետ, սակայն նրա ստեղծագործական համապատկերը շատ ավելի բազմաժանր է` մոնումենտալ և հաստոցային քանդակ, դրվագում, գեղանկարչություն և գրաֆիկա, ձուլածո և կոփածո, աշխատանքներ, կերամիկա, ձևավորում և այլն:

Նրա գործերից պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, Տրետյակովյան պատկերասրահում, տարբեր երկրների թանգարաններում, մասնավոր հավաքածուներում:

Պետրոսյանը 1954-58թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի քանդակի բաժնում: 1957թ. մասնակցել է Հանրապետական և միջազգային ցուցահանդեսների Հոլանդիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և այլուր: 1960-66թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի քանդակի բաժնում` Արա Սարգսյանի արվեստանոցում: 1965թ. Երիտասարդական հանրապետական ցուցահանդեսում ստացել է արծաթե մեդալ:

1969թ. ներկայացել է առաջին բացօթյա ցուցահանդեսով, Երևանի Օղակաձև զբոսայգում: Նույն թվականին արժանացել է Մոնրեալի «Էքսպո 69» ցուցահանդեսի գլխավոր մրցանակին: 1970թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ:

Ունեցել է ավելի քան 60 անհատական ցուցահանդես Հայաստանում, ԽՍՀՄ-ում և արտերկրում` Ճապոնիա, Հարավսլավիա, Լատվիա, ԱՄՆ, Սիրիա, Ֆրանսիա և այլուր: 1987-91թթ անընդմեջ արժանացել է միութենական «Լավագույն քանդակ» մրցանակի:

Բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են Հայաստանի թանգարաններում, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում, Ռուսաստանի, Մերձբալթյան և այլ երկրների պատկերասրահներում և անհատական հավաքածուներում:

Մահացել է Երևանում 1996-ին: 2002թ. ՀՀ մշակույթի նախարարությունը կազմակերպել է Բենիկ Պետրոսյանի անվան մանրաքանդակի միջազգային Բիենալե:

«Ունենք միջնադարյան մանրանկարչություն, ինչո՞ւ չունենանք նաև մանրաքանդակի դպրոց: Շատ կուզենայի, որ Երևանում բացվեր մանրաքանդակի միջազգային կենտրոն իր ցուցասրահով և արվեստանոցներով: Աշխարհի տարբեր ծայրերից հրավիրվեն քանդակագործներ, աշխատեն, ստեղծագործությունների մի մասը թողնեն Հայաստանին, մյուս մասը տանեն իրենց հետ: Թող ստեղծագործական ժառանգությունս հիմք հանդիսանա այս գաղափարի իրականացման համար: Սա երազանքս է, բայց հույս ունեմ, որ մի օր կիրականանա… »,- ասել էր Բենիկ Պետրոսյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---