Բաղդասարյան. Նախագահների հանդիպումից մեծ ակնկալիքներ չունենք

Բաղդասարյան. Նախագահների հանդիպումից մեծ ակնկալիքներ չունենք

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն անդրադարձել է հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում նախատեսված՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 20-ին աշխատանքային այցով մեկնում է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ: Նախատեսվում է ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ՀՀ նախագահի առանձնազրույց և եռակողմ հանդիպում Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև: Նախագահների հանդիպմանը կմասնակցեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: ԵԱՀԿ-ն, սակայն չի մասնակցում ղարաբաղյան կարգավորման գծով եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստմանը:

«Մենք երբեք չենք խուսափում հանդիպումներից, և այսպես ասած՝ մեծ ակնկալիքներ էլ չենք կարող ունենալ: Համենայնդեպս, նախագահը պետք է պնդի Վիեննայում տեղի ունեցած հանդիպման այն դրույթները, որոնք առաջարկել էր»,- ասել է նա, գրում է Tert.am-ը:

Բաղդասարյանը նշել է, որ շարունակվելու են Վիեննայում կայացած հանդիպման քննարկումները:

«Հրաժարվել այս հանդիպումից՝ կնշանակեր ցանկություն չհայտնել խնդիրը կարգավորել խաղաղ ճանապարհով, բանակցային գործընթացով, այդ իսկ պատճառով մենք գնում ենք նույնը պնդելու, այն, ինչ առաջարկվել է Վիեննայում»,- պարզաբանել է նա:

Վիեննայում մայիսի 16-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտգործնախարարների նախաձեռնությամբ և մասնակցությամբ քննարկմանը: Հանդիպմանը մասնակցել են երկու երկրի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովը, դեսպաններ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրիոն (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Վիեննայում համաձայնություն է ձեռք բերվել՝ քայլեր ձեռնարկել մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---