OCCRP-ը՝ Ալիևների ընտանիքի ձախողված հանքային բիզնեսի մասին

OCCRP-ը՝  Ալիևների ընտանիքի ձախողված  հանքային բիզնեսի մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2015 մայիսի 25-ին կարգադրել է ոսկու արդյունահանմամբ զբաղվող AzerGold պետական ընկերությանը ձեռք բերել միլիարդավոր դոլարների արժողությամբ 4 հանքարդյունաբերական ընկերություն, որից առնվազն 2-ը պատկանում են իր ընտանիքին, գրում է Occrp.org-ը (Կոռուպցիայի և կազմակերպված հանցագործությունների հետազոտության գծով վերլուծական կենտրոն)` մանրամասնելով, որ տվյալ գործարքի միջոցով Ալիևների ընտանիքը փորձում է իրեն պատկանող հանքարդյունաբերության բիզնեսը փրկել աղետալի վիճակից` թողնելով ոսկին չիրացված, աշխատողներին` առանց աշխատավարձ, իսկ իրենց պատկանող ընկերություններն էլ` ֆինանսական մեծ պարտքերի մեջ:

Աղբյուրը մանրամասնում է, որ Ալիևների ընտանիքը վերահսկում է երկրում ոսկու, պղնձի ու արծաթի ամենահարուստ դեպոզիտներից մի քանիսը:

«Այժմ Ադրբեջանի ժողովուրդը ստիպված է լինելու վճարել Ալիևների` երկրի հանքային հարուստ պաշարները ոչ կոմպետենտ կերպով կառավարելու փորձերի համար, և այս ամենը այն դեպքում, որ երկիրը ֆինանսական ճգնաժամի մեջ է»,- գրում է աղբյուրը` հիշեցնելով, որ տվյալ հարցի շուրջ պարբերաբար բարձրաձայնել է հայտնի հետաքննիչ-լրագրող Խադիջա Իսմայիլովան, որը բավական տևական ժամանակ արհեստածին մեղադրանքներով եղել է անազատության մեջ, հայտնում է Tert.am-ը:

«2006թ. դեկտեմբերի վերջին Ադրբեջանի նախագահն իր ընտանիքի կողմից վերահսկվող կոնսորցիումին է նվիրել ոսկու 6 հանք: Համապատասխան պայմանագիրը երկրի խորհրդարանը հաստատել է 2007թ. հունիսին, չնայած, որ որոշ օրենսդիրներ բողոքել են կոնսորցիումի սեփականատիրության հարցի շուրջ ստեղծված ոչ թափանցիկ վիճակից, ինչպես նաև նկատել են, որ կոնսորցիումում ներառված ընկերություններից և ոչ մեկը հանքարդյունաբերության բնագավառում էական փորձ չունի: Հիմնվելով այս ամենի վրա` պատգամավորներն ասել են, որ տվյալ գործարքը չի բխում Ադրբեջանի ազգային շահերից»,- շարունակում է աղբյուրը:

Այնուհետև Occrp.org-ը մանրամասնում է, որ վերոհիշյալ 4 ընկերությունից (Globex International, Londex Resources S.A., Willy & Meyris S.A., Fargate Mining Corporation) 2-ը` Մեծ Բրիտանիայում գրանցված Globex International LLP-ն և Londex Resources S.A-ը, որոնք վերահսկում են 4 ընկերության կոնսորցիումի բաժնետոմսերի 56 տոկոսը, իրականում պատկանում են Ադրբեջանի նախագահի 2 դուստրին` Լեյլա և Արզու Ալիևաներին: Իսկ ինչ վերաբերում է մյուս 2 ընկերություններին, ապա դրանք օֆշորային են, ու չի բացառվում, որ դրանց իրական տերերը ևս Ալիևների ընտանիքի անդամներն են:

Նշվում է, որ Ալիևների ընտանիքը լուրջ խնդիրների առաջ է կանգնել ոսկին համաշխարհային շուկայում իրացնելու հարցում:

Վերոհիշյալ կոնսորցիումի ընկերություններից մեկի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Կառլ Կոմարտինը, որը հանքարդյունաբերության ոլորտում բավական փորձառու է, OCCRP-ի հետ զրույցում նշել է, որ կոնսորցիումում աշխատող մենեջերները ակնհայտորեն գլուխ չէին հանում իրենց գործից ու թույլ էին տալիս այնպիսի սխալներ, որոնք շատ թանկ էին նստում ղեկավարության վրա:

Եվ թեև Ալիևի կարգադրությամբ երկրի կառավարության իրականացրած նախաձեռնությունը, ըստ ամենայնի, կփրկի իր դուստրերի արած ներդրումները, այնուհանդերձ, դեռևս պարզ չէ, թե Ալիևների ընտանիքին որքան գումար կհաջողվի հետ վերադարձնել իրենց ձախողված բիզնեսից: Պատճառն այն է, որ գործարքի պայմանները մինչև վերջ համաձայնեցված չեն: Էկոնոմիկայի, ֆինանսների նախարարություններն ու Կենտրոնական բանկը գալիք 2 ամսվա ընթացքում պետք է որոշեն գործարքի գինը:

Աղբյուրը հավելում է, որ նախնական գործարքի դրույթներից մեկի համաձայն` Ալիևների կողմից վերահսկվող կոնսորցիումը պարտավոր է 2 մլն դոլարի բոնուս վճարել կառավարությանը: Սակայն ձեռք բերված գաղտնի փաստաթղթերը վկայում են, որ կոնսորցիումը ոչ միայն չի վճարել վերոհիշյալ գումարը, այլ նաև պետք է կառավարությանը փոխանցի ևս 2.8 մլն դոլար` վերոհիշյալ 2 մլն-ը չվճարելու համար:

Ըստ օրենքի՝ բոնուսի չվճարումը միանգամայն բավարար պատճառ է, որպեսզի կառավարությունը չեղարկի կոնսորցիումի գնման գործարքը: Սակայն իշխանություններն առ այսօր նման քայլի չեն գնացել: Հետաքրքրական է նաև այն փաստը, որ կառավարությունը երբևիցե Ալիևների կողմից վերահսկվող կոնսորցիումից չի պահանջել որևէ վճարում անել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---