Yandex.Taxi-ն արդեն գործարկվել է. Ավելի քան 250 մեքենա է սպասարկում

Yandex.Taxi-ն արդեն գործարկվել է. Ավելի քան 250 մեքենա է սպասարկում

PanARMENIAN.Net - Yandex.Taxi ծառայությունը հուլիսի 1-ից սկսել է աշխատել Երևանում։ Ծառայությունը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ Պատվեր կարելի է կատարել բջջային հավելվածի կամ կայքի միջոցով։

Ծառայությանը միացված է ավելի քան 250 մեքենա Երևանի 11 տաքսի ծառայությունից: Շտապ պատվերները ծառայությունը փոխանցում է այն վարորդներին, որոնք առավել մոտ են հաճախորդին, ինչի շնորհիվ մեքենան արագ է մոտենում պատվիրատուին։ Երևանում տաքսիի տրամադրման ժամանակը կկազմի 5-10 րոպե։

Մեքենայի ժամանմանը կարելի է հետևել անմիջապես քաղաքի քարտեզի վրա, իսկ վարորդի հեռախոսի համարն ու մեքենայի պետհամարանիշը ծառայությունն ուղարկում է SMS հաղորդագրության միջոցով։

Ծառայության համար դեռևս կարելի է վճարել միայն կանխիկ։ Ուղևորության առաջին 2 կիլոմետրը կարժենա 100 դրամ, այնուհետ՝ 100 դրամ յուրաքանչյուր կիլոմետրի համար։ Առաջիկայում հաճախորդները կկարողանան վճարել նաև բանկային քարտով։

Ծառայությունում գործում է մեքենաների վիճակի վերահսկման սեփական համակարգ։ Օրինակ՝ վարորդները պարբերաբար ուղարկում են մեքենաների լուսանկարները տարբեր դիրքերից, որպեսզի ցույց տան, որ այն սարքին վիճակում է և պատրաստ է գիծ դուրս գալ։ Վարորդների աշխատանքը գնահատում են հենց հաճախորդները։ Նրանց գնահատականների հիման վրա ձևավորվում է վարորդների վարկանիշը, որն ազդում է պատվերների բաշխման վրա։ Պատվերներն առաջին հերթին ստանում են այն վարորդները, որոնցից գոհ են հաճախորդները։

Վարորդների աշխատանքի համակարգման համար կիրառվում է Յանդեքս Տաքսոմետր ծրագրային ապահովումը։ Դրա օգնությամբ վարորդները կարող են պատվերներ ընդունել, որոշել ուղևորության արժեքը և հետևել համակարգում սեփական վարկանիշին։ Ինչպես և ծառայությունը, ծրագրային ապահովումը հասանելի է հայերեն լեզվով։ Տաքսոմետրի մեջ ներմուծված է նավիգատոր՝ Երևանի մանրամասն քարտեզով և տեղեկություններով խցանումների մասին իրական ժամանակում։ Հայաստանում ծառայության մեկնարկի կապակցությամբ Յանդեքսը հատուկ թարմացրել է Երևանի քարտեզը, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ գտնել ցանկացած հասցե և որոշել օպտիմալ երթուղին:

Yandex.Taxi ծառայությունը Ռուսաստանում գործում է 2011-ից։ Բացի Երևանից այն աշխատում է ռուսաստանյան 20 քաղաքում և Մինսկում։ Նախատեսվում է ծառայությունը գործարկել Վրաստանում, Ղազախստանում և այլ երկրներում։ Ընդհանուր առմամբ, Yandex.Taxi-ին միացված է ավելի քան 70.000 ավտոմեքենա մոտ 500 տաքսոպարկից և դիսպետչերականից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---