Սորոս. Արևմուտքը մեծ սխալ է թույլ տալիս` սատարելով Ալիևին

Սորոս. Արևմուտքը մեծ սխալ է թույլ տալիս` սատարելով Ալիևին

PanARMENIAN.Net - Ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսը քննադատել է Արևմուտքի երկրներին Ադրբեջանի կառավարության հետ համագործակցության համար: Ելույթ ունենալով նախորդ շաբաթ Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում, նա ասել է. «Երկրներից մեկը, որին Արևմուտքը, ցավոք, չափից բարեհոգի է վերաբերվում, դա Ադրբեջանն է, որտեղ բավականին տհաճ բռնատիրական ռեժիմ է տիրում: Ես ստիպված եմ եղել մի քանի անգամ անմիջական վեճի մեջ մտնել այդ երկրի նախագահի հետ: Նա հաճախ ձևացնում է, թե վեր է դիմակայությունից և ոչ մի պատասխանատվություն չի կրում Ադրբեջանում հետապնդումների համար:

Սակայն ինձ հետ խոսակցություններում նա այնքան խորը գիտելիքներ ցույց տվեց այն բանի վերաբերյալ, թե ազատազրկման ինչ պայմաններում են գտնվում այս կամ այն քաղբանտարկյալները, ինչ մեղադրանքներով և այլն…Այնպես որ, դա զուտ կեղծավորություն է: Նա շատ բանի համար է պատասխանատու և օգտագործում է հետապնդումները: Նա փորձում է գոհացնել Արևմուտքին` նավթի նոր պոտենցիալ հանքավայրեր ի ցույց դնելով: Ես կարծում եմ, որ Արևմուտքը մեծ սխալ է թույլ տալիս` սատարելով նրան»,-ասել է Սորոսը, հայտնում է contact.az-ը:

Ավելի վաղ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ Գերմանիայի պաշտոնյաները պետք է Բեռլին այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ անեն ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված իշխանությունների քննադատներին և քաղաքական ակտիվիստներին: Նշվում էր, որ շատ լրագրողներ և ակտիվիստներ շարունակում են մնալ ճաղերի հետևում։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---