Լարսը ժամանակավորապես կբացվի թեթև մարդատար մեքենաների համար

Լարսը ժամանակավորապես կբացվի թեթև մարդատար մեքենաների համար

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հուլիսի 4-ին կապ է հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Կախա Թերթվաձեի հետ, որի հաղորդմամբ` հուլիսի 4-ին, ժամը 17:00-ին Դարիալում ժամանակավորապես կբացվի ավտոճանապարհ 4×4 թեթև մարդատար մեքենաների համար, հատուկ ռեժիմով՝ ՆԳՆ հսկողությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը:

Առաջիկայում տեղեկություն կտրամադրվի նաև Լարսի ճանապարհով այլ տիպի մեքենաների (նաև ծանրաքարշ) երթևեկության հնարավորության մասին։

Հունիսի 23-ին, ժամը 16.40-ի սահմաններում Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն էր ստացվել, որ Վերին Լարսի անցակետից մոտ 2 կմ հեռավորության վրա (Վրաստանի տարածքում), Թերեք գետի վարարման հետևանքով ավտոճանապարհի 500-600 մ հատված ամբողջովին փլուզվել է, և այդ պատճառով փակվել է ՌԴ-Վրաստան սահմանային անցակետը: Անվտանգության նկատառումներից ելնելով նշված ավտոճանապարհով արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը:

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը ռուսական օդանավի 6 չվերթով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան է տեղափոխվել Լարսի անցակետի փակման հետևանքով Հայաստան վերադառնալու հնարավորությունից զրկված ՀՀ 289 քաղաքացի (այդ թվում` 73 կին, 31 երեխա)։ Նույն ժամանակահատվածում Հայաստանից նույն ինքնաթիռով Ռուսաստան է տեղափոխվել ՌԴ 13 քաղաքացի (այդ թվում` 2 կին, 2 երեխա): Առաջնահերթ նախապատվությունը տրվել է ծերերին, կանանց և երեխաներին:

ՀՀ ԱԻՆ խնդրանքով` նախատեսված 4-ի փոխարեն ՌԴ ԱԻՆ «ԱՆ-148» օդանավն իրականացրել է ևս 2 լրացուցիչ չվերթ։

ՀՀ ԱԻ նախարար Ա. Երիցյանի կարգադրությամբ` Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում սահմանվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ ղեկավար կազմի և աշխատակիցների շուրջօրյա հերթապահություն, ծավալվել են ԱԻՆ բժշկական, հոգեբանական և տեղեկատվական ծառայությունների արձագանքման կետեր` Բեսլանի օդանավակայանից ժամանող ՀՀ քաղաքացիներին օգնություն տրամադրելու համար:

Լարսի անցակետի մոտ ծավալված ժամանակավոր ճամբարներում գրանցված բոլոր ՀՀ քաղաքացիները ՌԴ ԱԻՆ օդանավով տեղափոխվել են Հայաստան: Ներկայումս անցակետում մնացել են միայն այնտեղ արգելափակված բեռնատար և մարդատար մեքենաների վարորդները: ՌԴ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Ա. Ղազարյանի տվյալներով` Վրաստան-ՌԴ սահմանային հատվածում կա դեռևս ՀՀ 51 քաղաքացի (բոլորը` տղամարդ), որոնք Լարսի անցակետ են ժամանել օդանավի վերջին չվերթն իրականացնելուց հետո և վրանային ավանում գրանցված չեն:

Կարդացեք նաև՝ ՀՀ ՄԻՊ-ը դիմել է ՌԴ օմբուդսմենին՝ Վերին Լարսում հայերի նկատմամբ վատ վերաբերմունքի հարցով

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---