Ադրբեջանի ՀՆԱ-ն 2016-ի 1-ին կիսամյակում կրճատվել է 3,4%-ով

Ադրբեջանի ՀՆԱ-ն 2016-ի 1-ին կիսամյակում կրճատվել է 3,4%-ով

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՀՆԱ անկումը 2016-ի 1-ին կիսամյակում կազմել է 3,4%, հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը» Պետական վիճակագրական կոմիտեի տվյալների վրա հղումով: Ըստ վիճակագրության, ՀՆԱ անվանական ծավալը հաշվետու շրջանում կազմել է շուրջ 27.002 մլրդ մանաթ: Ոչ նավթային ՀՆԱ ծավալը 2016-ի հունվար-հունիսին կազմել է մոտ 17.6 մլրդ մանաթ` անկումը` 6,1%: Նավթային հատվածն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել է 2,1%-ով:

Ըստ վիճակագրական տվյալների, Ադրբեջանի ՀՆԱ անկումը հաշվետու շրջանում պայմանավորված է արտադրության և ծառայությունների 33,6% նվազումով շինարարության ոլորտում:

2016-ի հունվար-հունիսին ՀՆԱ կառուցվածքում արդյունաբերության մասնաբաժինը կազմել է 38,5%, տրանսպորտային միջոցների առևտրինն ու վերանորոգմանը` 11,8%, շինարարությանը` 9,1%, տրանսպորտինը` 6,8%, գյուղական, անտառային և ձկնաբուծության ոլորտներինը` 5,1%,, զբոսաշրջիկների տեղակայմանն ու հասարակական սննդինը` 2,8%, տեղեկատվությանն ու կապինը` 2%, այլ` 16,3%:

Հարկերը ՀՆԱ-ում կազմել են 7,6%: Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը 2016-ի 1-ին կիսամյակում կազմել է 2.809 մանաթ` անկումը 4,5%:

2016-ի համար Ադրբեջանի կառավարությունը կանխատեսել էր ՀՆԱ 1,8% տոկոս աճ:

Շարունակում է արժեզրկվել ադրբեջանական մանաթը: Ըստ Bloomberg-ի վերլուծաբանների, 2015-ին երկու արժեզրկումների արդյունքում նույնիսկ դոլարի հանդեպ ավելի քան 50 տոկոսով արժեզրկվելով, ադրբեջանական մանաթը դեռ չի հասել անկման «հատակին»: «Հունիսը վատագույնն էր այդ արժույթի համար 2016-ի հունվարից ի վեր, երբ ճգնաժամը նավթի շուկաներում ամենաթեժ փուլում էր»,-ասվում է վերլուծության մեջ:

Ադրբեջանի տնտեսության մեջ ոչ նավթային հատվածն ընդամենը 2,3% է կազմում: Դա նշանակում է, որ մանաթի սրընթաց արժեզրկումից հետո տարիներ կպահանջվեն, որպեսզի Ադրբեջանը կարողանա համաշխարհային շուկա արտահանել ոչ նավթային սեկտորի ապրանքներ: Ուստի երկրում մեծ է լինելու ներմուծվող ապրանքների պահանջարկը, իսկ դա գործունեության լայն դաշտ է ստեղծում մաքսանենգների և ընդհատակյա առևտրի համար, գրում է պարբերականը:

Մինչդեռ հայտնի է դարձել, որ 2015-ի տվյալներով Ադրբեջանի կառավարությունը 350 մլն մանաթով կրճատել է սոցիալական նախագծերի ֆինանսավորումը:

Ընթերցեք նաև.Bloomberg. Նույնիսկ կրկնակի արժեզրկումից հետո ադրբեջանական մանաթը դեռ չի հասել «հատակին»

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---