Թուրքիայում հեղաշրջման փորձ է. Զինվորականների, ոստիկանների, ցուցարարների բախումներ

Թուրքիայում հեղաշրջման փորձ է.  Զինվորականների, ոստիկանների, ցուցարարների բախումներ

PanARMENIAN.Net - Թուրք զինվորականների խումբը հայտարարել է երկրում ռազմական հեղաշրջման, Էրդողանին իշխանությունից հեռացնելու ու նոր սահմանադրության անցման մասին, ինչին հետևեց իշխանության կոչը դուրս գալ փողոց ու դիմադրություն ցույց տալ բանակին:

Անկարայում և Ստամբուլում ավիացիայի ու տանկերի կիրառմամբ բախումներ են տեղի ունեցել: PanARMENIAN.Net ը հետևում է Թուրքիայում տեղի ունեցող զարգացումներին:

04:07 Իրավիճակը Թուրքիայում համեմատաբար խաղաղվում է: PAN-ն ընդհատում է զարգացումների լուսաբանումը մինչև առավոտ:

04:05 Ազգային հետախուզությունը հայտարարել է, որ հեղաշրջման փորձը տապալված է

03:45 Թուրքիայի խորհրդարանը հրթիռակոծվել է, հայտնում է Fox-ը: Ըստ աղբյուրի, կրակը ռազմական ուղղաթիռ էր վարում:

03:28 ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեկնաբանել է հեղաշրջման փորձը, նշելով, որ ԱՄՆ-ը աջակցում է ընտրված իշխանությանը:

03:26 Ըստ վարչապետ Յըլդըրըմի, հեղաշրջման փորձի մի քանի կազմակերպիչներ ձերբակալված են, գրում է ԱՆԱԴՈԼՈՒ գործակալությունը: Աղբյուրը հրապարակել է ձերբակալված զինծառայողների լուսանկարներ:

03:22 Երկրի բոլոր հիմնական քաղաքական ուժերը դատապարտել են հեղաշրջման փորձը:

03:12 Հայտնվեցին առաջին տեղեկությունները զոհերի մասին. Անկարայում սպաանվել է առնվազն 17 ոստիկան: Նրանք գտնվում էին շենքում, որի վրա ռազմական ուղղաթիռն է հարձակվել:

03:09 Կառավարական ուժերի F-16-ը ոչնչացրել է Անկարայում ոստիկաններին գրոհող ռազմական ուղղաթիռը, հայտնում է Independent-ը:

03:06 Ռազմական ուղղաթիռը Անկարայում կրակ է բացել հավաքված ցուցարարների ուղղությամբ: Ականատեսները տեղադրում են տեսանյութեր դեպքի վայրից:

02:49 Ստամբուլի տարբեր թաղամասերում բախումներ են բանակի ու ցուցարարների միջև, ինչպես նաև` ոստիկանների ու զինվորականների միջև փոխհրաձգություններ:

02:42 Վրաստանը փակել է սահմանը Թուրքիայի հետ, հատել այն թուլատրվում է միայն Թուրքիայի քաղաքացիներին, հայտնում է :Ռուսթավի-2" հեռուստաալիքը:

02:37 Հրաձգություն Ստամբուլում, Բոսֆորի ափերը միավորող կամուրջին. վիրավորվել է Էրդողանի 3 կողմնակից, հայտնում է CNNTurk-ը:

02:30 Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում մարդիկ դիմավորել են Թուրքիայում հեղաշրջման մասին լուրերն ուրախությամբ. հավաքվածներն օդ են կրակել, նշելով Էրդողանի հնարավոր տապալումը, գրում է Reuters-ը:

02:30 Թուրքիայի արդարադատության նախարարը մեղադրել է հեղաշրջման փորձի համար ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենին:

02:16: Reuters-ը հայտնում է, որ տանկերը կրակ են բացել խորհրդարանի մերձակայքում:

02:13 Անկարայում ու Ստամբուլում պայթյուններ և փոխհրաձգություններ են տեղի ունենում. Telegraph-ը հայտնում է, որ Թուրքիայի խորհրդարանը շրջապատված է տանկերով, Anadolu-ն գրում է, որ ռազմական ուղղաթիռը ռմբակոծել է ժանդարմերիայի շենքը: Ցուցարարների ամբոխները դիմադրում են զինվորներին, մզկիթներում կոչ են անում պայքարել բանակի դեմ:

01:58 Ստամբուլի Թաքսիմ հրապարակում լարված է. հավաքված ամբոխը ողջունում է զինվորականներին, ոստիկանները, որոնք հավատարիմ են մնացել Էրդողանին, պահանջում են բանակայիններից հեռանալ: Մանր բախումներ են տեղի ունեցել, ըստ սոցցանցերում վկայությունների, ոստիկանները կրակել են օդ` ուժ կիրառելու պատրաստակամություն ցույց տալով:

01:36 Էրդողանը հարցազրույց է տվել CNN-ին` կոչ անելով ժողովրդին դուրս գալ դիմադրության բանակի դեմ:

01:32 Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանից բոլոր թռիչքները կասեցվել են, այդ թվում` դեպի Երևան իրականացվելիք չվերթը: Օդանավը պիտի Երևան ժամաներ տեղական ժամանակով 02:07:

01:27 Անկրայում այրվում է ազգային հետախուզության վարչության շենքը

01:18 Զինվորականները հայտարարել են, որ երկիրը նոր սահմանադրություն կունենա: Նախագահ Էրդողանը ձգտում էր Թուրքիան դարձնել նախագահական երկիր` կենտրոնացնելով իշխանությունը իր ձեռքերում:

01:15 Թուրքական TRT հեռուստաալիքով իշխանությունը վերցրած զինվորականները համապետական պարետային ժամ են հայտարարել:

01:13 Անկարայի քաղաքապետը կոչ է արել բնակչությանը դուրս գալ փողոց և դիմադրել բանակին:

01:08 CNN Turk-ը հայտնում է, որ Էրդողանի պալատն ուղեղացված պահպանության տակ է վերցված, ինքը նախագահը անվտանգ վայրում է:

00:56 Շտաբի պետ Հուլուսի Աքարը ևս պատանդների թվում է, հայտնել է թուրքական NTV-ն:

00:50 Թուրքական Գլխավոր շտաբի շենքում պատանդներ կան, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:

00:46 Twitter-ում տեղադրվել է Անկարայի կենտրոնում ռազմական ուղղաթիռի կիրառման տեսանյութը:

00:43 Ստամբուլի Աթաթուրք օդանավակայանից բոլոր թռիչքները կասեցվել են:

00:35 Ռազմական ղեկավարությունը հայտնում է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իշխանությունից հեռացնելու մասին, գրում է Reuters-ը:

00:24 Ականատեսների վկայությամբ, տանկերը փակում են նաև Անկարայի Աթաթուրք օդանավակայանի ճանապարհը

00:19 Վարչապետ Յըլդըրըմը հայտարարել է, որ իրավապահների ողջ անջնակազմին հրամայված է աշխատանքի ներկայանալ:

00:15 Հրաձգություն է ընթանում երկրի ԶՈՒ Գլխավոր շտաբի շենքի հարևանությամբ: Բացի այդ, ռազմական ուղղաթիռը գնդակոծել է թիրախ Անկարայի կենտրոնում գտնվող հետախուզական վարչության հարևանությամբ:

00:13 Twitter-ը, Youtube-ն ու Facebook-ը Թուրքիայում արգելափկված են:

00:10 Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է ռազմական հեղաշրջման փորձի մասին

00:05 Իշխանամետ Yeni Safak-ը հայտնում է հեղաշրջման փորձի մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---