ԱՄՆ կոնգրեսականը կարևորում է Արցախի մասնակցությունը բանակցություններին

ԱՄՆ կոնգրեսականը կարևորում է Արցախի մասնակցությունը բանակցություններին

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը հուլիսի 20-ին ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստային: Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրին, նշել է, որ ուրախ է Հայաստանի խորհրդարանում հյուրընկալելու մեր երկրի լավագույն բարեկամին, ով Ֆրեզնո քաղաքից է, որտեղ ծնվել և ստեղծագործել է ամերիկահայ մեծանուն գրող Վիլյամ Սարոյանը: Խորհրդարանի ղեկավարն ընդգծել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանի կարևոր գործընկերներից է և առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի քաղաքական և տնտեսական կյանքում:

Խոսելով խորհրդարանական դիվանագիտության մասին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է, որ այն կարևոր հարթակ է միջպետական հարաբերությունների զարգացման համար և այս համատեքստում նշել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս հայ-ամերիկյան միջխորհրդարանական կապերի զարգացմանը:

Ազգային ժողովի նախագահը բարձր է գնահատել ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի արդյունավետ գործունեությունը, որի անդամները մշտապես նպաստել են Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդմանը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Գալուստ Սահակյանը կարևորել է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի շարունակական ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը:

Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին՝ Ազգային ժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել այն կոնգրեսականներին, ովքեր տարիներ շարունակ ջանք չեն խնայել Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության բարձրաձայնման ուղղությամբ և համոզմունք է հայտնել, որ այդ ջանքերն անպայման հաջողությամբ կավարտվեն:

Ջիմ Կոստան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստան այցելելը եղել է իր վաղեմի երազանքը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ նա ասել է. «Ես՝ որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով զբաղվող խմբի անդամ, պետք է այնպիսի միջոցներ ձեռնարկեմ և ջանքեր գործադրեմ, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվի և այլևս չլինեն ցեղասպանություններ»: Հյուրը հույս է հայտնել, որ առաջիկայում ԱՄՆ Կոնգրեսը կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Ջիմ Կոստան հույս է հայտնել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կկարգավորվի դիվանագիտական հարթությունում և կարևորել է բանակցություններում Արցախի մասնակցությունը:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ նմանատիպ այցերը կլինեն շարունակական՝ ուղղված միջխորհրդարանական կապերի առավել ընդլայնմանն ու ակտիվացմանը:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայանպաստ գործունեության համար Ջիմ Կոստային պարգևատրել է ՀՀ ԱԺ պատվո մեդալով:

Նույն օրը ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ջիմ Կոստան ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Սամվել Նիկոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Ջիմ Կոստան ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ եւ լռությամբ հարգել սուրբ նահատակների հիշատակը:

Ջիմ Կոստան շրջել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի սրահներից մեկում, դիտել Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի դերակատարմամբ նկարահանված «Հոգիների աճուրդ» համր ֆիլմի պաստառները, լուսանկարները, անձնական իրերը, նրան նվիրված թողարկումները եւ բացառիկ այլ նմուշներ: Այցի ավարտին Ջիմ Կոստան գրառում է կատարել պատվավոր հյուրերի հուշամատյանում:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---