ԱԱԾ. «Սասնա ծռերի» հետ կապված անձանց խումբ է ձերբակալվել

ԱԱԾ. «Սասնա ծռերի» հետ կապված անձանց խումբ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - ՊՊԾ գնդի տարածքի զավթման փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռք բերված դատավարական և օպերատիվ-հետախուզական տվյալների մշակման ու իրացման արդյունքում ձերբակալվել է գունդը գրաված խմբի անդամների հետ կապերի մեջ գտնվող անձանց խումբ։

Ինչպես հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը, ՊՊԾ գնդի տարածքում գտնվող զինված խմբի անդամները ներկայումս անմիջականորեն ուղղորդում և ուղղակի ցուցումներ են տալիս դրսում գտնվող իրենց հանցակիցներին, կազմակերպելու և իրականացնելու քաղաքացիների կյանքն ու առողջությունը վտանգող, այդ թվում՝ խուճապ սփռող և բախումներ հրահրող սադրիչ և հանցավոր գործողություններ:

Ըստ հաղորդագրության, այս կապակցությամբ հուլիսի 21-ին ձերբակալվել է Վ. Գ.-ն, ով ապօրինի կերպով զենք, այդ թվում՝ նռնակ կրելով փորձել է հասնել Խորենացի փողոցի արգելափակված հատված, սակայն նրա հանցավոր գործողությունները խափանվել են մինչև նշված վայր հասնելը: Բացի այդ, հուլիսի 22-ին ձերբակալվել է Մ.Ա.-ն, ով փորձել է բենզինով և յուղով շշալցված պայթուցիկները («մոլոտովի կոկտեյլ») պոլիէթիլենային տոպրակներով տեղափոխել Խորենացի փողոցի արգելափակված հատվածը և դրանք օգտագործել պատեհ առիթի դեպքում:

«Ազգային անվտանգության ծառայությունը նախազգուշացնում է, որ զինված խմբին հանցակցելու իրական մտադրություններ ունեցող այլ անձինք ևս անհատականացված են և ներկայումս գտնվում են իրավասու պետական մարմինների մշտադիտարկման ներքո: Նրանց հնարավոր հանցավոր գործողությունների կասեցման կամ խափանման համար ձեռնարկվում են օրինական և հասանելի բոլոր միջոցները: Նկատի ունենալով վերոնշյալը, Ազգային անվտանգության ծառայությունը խստագույնս հորդորում է քաղաքացիներին մարդկանց կուտակումների վայրերում դրսևորել շրջահայացություն, տարօրինակ վարքագիծ կամ կասկածելի առարկաներ նկատելու դեպքում անհապաղ լքել համապատասխան տեղանքը և այդ մասին անմիջապես տեղյակ պահել իրավապահ մարմիններին», - նշվում է հաղորդագրությունում:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---