Մոսկվան դատապարտում է երևանյան դեպքերը դատապարտող ԵՄ-ի հայտարարությունը

Մոսկվան դատապարտում է երևանյան դեպքերը դատապարտող ԵՄ-ի հայտարարությունը

PanARMENIAN.Net - Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատող մեկնաբանություն է տարածել Երևանում ՊՊԾ գնդի գրավման վերաբերյալ Եվրոպական միության հայտարարության վերաբերյալ:

ԵՄ պատվիրակությունը, մասնավորապես, հայտարարել էր, որ քաղաքական փոփոխության նպատակով ուժի կիրառումն անընդունելի է, զորակցություն է հայտնել գնդապետ Արթուր Վանոյանի ընտանիքին: Միաժամանակ, ընդգծելով անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության կողմից իրականացված զանգվածային ձերբակալությունների մասին զեկույցները՝ ԵՄ-ն իշխանություններին կոչ է արել հարգել համաչափության սկզբունքը խաղաղ բնույթի, ինչպես նաև բռնությամբ ուղեկցվող հանրային բողոքի ակցիաների առնչությամբ: Միաժամանակ հայտարարվել է, որ ցուցարարներին անհրաժեշտ է ձեռնպահ մնալ բռնի գործողություններից՝ իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում:

Մոսկվան, սակայն, գտնում է, որ փաստաթղթում «զարմանալի կերպով տեղ չի գտնվել հանցավոր գործողությունների՝ ոստիկանության շենքի վրա զինված գրոհի, ոստիկանի սպանության, պատանդներ վերցնելու առնչությամբ: Դրա փոխարեն լուրջ շեշտ է դրվել իշխանություններին պահանջների վրա՝ «համաչափություն» պահպանել և հետաքննել «ոստիկանության անհամաչափ գործողությունները»:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, «դժվար է ազատվել տպավորությունից, որ ԵՄ դիվանագետները զուգերգում են այն ուժերին, որոք փորձում են ապակայունացնել ներքաղաքական իրավիճակը»:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---