Human Rights Watch. Երևանի դեպքերը ՀՀ կառավարության համար քաղաքացու մտահոգությունը լսելու հնարավորություն է

Human Rights Watch. Երևանի դեպքերը ՀՀ կառավարության համար քաղաքացու մտահոգությունը լսելու հնարավորություն է

PanARMENIAN.Net - Human Rights Watch կազմակերպությունը Երևանում՝ Էրեբունու ՊՊԾ գնդի տարածքում ծավալվող իրադարձությունների առաջին օրերից հետևում է իրավիճակի զարգացմանը՝ համոզված լինելու համար, որ չեն ոտնահարվում մարդու իրավունքները և որ ապահովվում են ցուցարարների ձայնը լսելի դարձնելու համար անհրաժեշտ պայմանները։

Այդ մասին է հայտարարել կազմակերպության Եվրոպայի և Միջինասիական երկրների բաժնի փոխտնօրեն Ջեյն Բյուքանանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Անդրադառնալով ցուցարարների այն բողոքներին, որոնց համաձայն ոստիկանությունը դիմել է «բիրտ ուժի և նսեմացրել իրենց», Բյուքանանն ասել է, որ կազմակերպությունը ունի մտահոգություններ այդ կապակցությամբ: «Կարծում ենք, որ ոստիկանների վարքագծի ու տեղի ունեցած դեպքերի առնչությամբ պետք է սկսվի հետաքննություն։ Ճիշտ է, եղել են նաև ցուցարարների կողմից բռնություններ, որոնց ոստիկանությունն ունի պատասխան տալու իրավասություն, սակայն դա պետք է արվեր միայն համաչափ ուժի կիրառմամբ», - նշել է նա։

«Սա կառավարության համար մի լավ հնարավորություն է՝ լսելու քաղաքացիների մտահոգությունները։ Մարդիկ ուզում են, որ իրենց իրավունքները պաշտպանվեն։ Խոսքը կարող է վերաբերել ընտրություններին, այլ մեխանիզմների, կամ դատական համակարգի անկախությանը։ Հստակ է ժողովրդի շրջանում դժգոհության առկայությունը», - ասել է Բյուքանանը։

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ են որպես պատանդ, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։ Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերը» հայտարարեցին, որ ազատ են արձակում 2 շարքային ոստիկաններին. Օսիպյանն ու Եղիազարյանը կազատվեն ուժայինների ու ՊՊԾ գնդի միջև մամուլի կետ ստեղծելուց հետո:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---