«Սասնա ծռերի» աջակիցները երթ են անցկացրել Երևանի փողոցներով

«Սասնա ծռերի» աջակիցները երթ են անցկացրել Երևանի փողոցներով

PanARMENIAN.Net - Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցներն, ովքեր հուլիսի 17-ից ցույցեր են անցկացնում Խորենացի փողոցում, երթ են անցկացրել Երևանի փողոցներով:

Երթից առաջ ելույթ են ունեցել հանրահավաքը համակարգող խորհրդի անդամներ, «Նոր Հայաստան» նախաձեռնության անդամ Ալեք Ենիգոմշյանը, ԳԽ նախկին պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Երևանի ավագանու անդամ Արմեն Մարտիրոսյանը և այլոք:

Ենիգոմշյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ խորհուրդն առավոտյան մամուլի ասուլիսում մինչև երեկո իշխանություններին ժամանակ էր տվել՝ լուծելու խմբի կենցաղային խնդիրները՝ ջրի, էլէներգիայի բացակայության հետ կապված: «Ժամկետն ավարտվել է, բայց հարցը ոչ մի լուծում չի ստացել»,- ասել է Ենիգոմշյանը: Նա հայտարարել է նաև, որ Ժիրայր Սեֆիլյանն այժմ ամբողջական մեկուսացման մեջ է: «Նույնիսկ նրանք, ովքեր հանդիպելու իրավունք ունեն, չեն կարողանում տեսնել Ժիրայր Սեֆիլյանին», - նշել է նա:

Երթի մասնակիցներն անցել են Խորենացի, Նար-Դոս, Վարդանանց փողոցներով, հասնելով Սախարովի հրապարակ, Նալբանդյան-Թումանյան-Աբովյան փողոցներով հասել Հանրապետության հրապարակ, որտեղից Տիգրան Մեծի փողոցով վերադարձել Խորենացի: Նրանք վանկարկում էին «Պավլիկ», «Միացիր» ու կրկնում Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը:

Հուլիսի 17-ի լուսաբացին «Սասնա Ծռեր» խումբը գրոհել է Էրեբունի վարչական շրջանի տարածքում գտնվող ՊՊԾ գնդի շենքը, այն գրավել և պատանդ պահել ոստիկանների։ Գրոհի արդյունքում մեկ ոստիկան է սպանվել, մի քանի ոստիկաններ հրազենային վնասվածքներ են ստացել։ ՊՊԾ շենքը գրավածների մոտ պատանդ էին պահվում ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը, որոնք գնացել էին տարածք՝ բանակցելու, բայց նրանց, որպես անվտանգության երաշխիք «Սասնա Ծռերի» անդամները պահել են իրենց մոտ։

Խորենացի փողոցում հուլիսի 17-ից ի վեր ցույցեր են ընթանում: Այդ ընթացքում՝ հուլիսի 20 լույս 21-ի գիշերը, տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, տուժել է 51 մարդ:

Հուլիսի 23-ին «Սասնա ծռերն» ազատ արձակեցին բոլոր պատանդներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---