«Սասնա ծռերը» բժիշկներին բաց կթողնեն, երբ առողջապահության նախարարը գա գունդ

«Սասնա ծռերը» բժիշկներին բաց կթողնեն,  երբ առողջապահության նախարարը գա գունդ

PanARMENIAN.Net - ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերը» անուղղակիորեն հաստատել են բժիշկներին պատանդ վերցնելու տեղեկատվությունը:

«Բժիշկներին բաց կթողնենք այն դեպքում, երբ նախարարն անձամբ կներկայանա և այդ տարածքում կկազմակերպի վիրահատություններ», - գրել է խմբավորումը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ, «Հիմնադիր խորհրդարան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը լրագրողներին հայտարարել է, որ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռերի» կողմից բժիշկներին պատանդ վերցնելու տեղեկատվությունը սուտ է:

«Ներսում ներկա է գտնվում բժիշկ, ոստիկանությունը հայտարարում է, որ պատանդ են վերցվել, նման բան բացարձակապես չկա: Տղաները պահանջում են, որ ինչպես առաջին օրերին էր, այնպես էլ այժմ, լինի բժշկական բրիգադի հերթափոխ: Պարտադրանքի գործադրմամբ բժշկին ներսում պահելու խնդիր չկա: Նրանք պահանջում են, որ գա փոխարինող բրիգադը, և ներկա պահին այնտեղ գտնվող բժիշկը դուրս գա, բրիգադներն իրար փոխարինեն», - պարզաբանել է Ենիգոմշյանը:

Ոստիկանության մամուլի խոսնակ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել է գնդի տարածք մտած բժիշկներին:

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանն, իր հերթին, հայտնել է, որ պատանդ են վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանին ու Սալվադոր Խեչոյանին, բուժակ Դավիթ Տոնոյանին և բուժքույր Մալինա Մարգարյանին: «Ամբողջ աշխարհում անընդունելի, դատապարտելի երևույթ է, երբ փորձ է արվում ձեռք բարձրացնել մարդասիրական առաքելություն իրականացվող մասնագետների նկատմամբ», - նշել է նա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---