«Շտապօգնության» տնօրեն. «Սասնա ծռերը» մեզնից սնունդ չեն ուզում, բժիշկներին ենք ուտելիք ուղարկել

«Շտապօգնության» տնօրեն. «Սասնա ծռերը» մեզնից սնունդ չեն ուզում, բժիշկներին ենք ուտելիք ուղարկել

PanARMENIAN.Net - Հուլիսի 28-ին, արդեն երկրորդ օրը «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից գրավված ՊՊԾ գնդի տարածքում գտնվող 3 բուժաշխատողի հետ շտապօգնության ծառայությունը կապ է հաստատել, նրանց ուտելիք ու դեղորայք է ուղարկվել: Այդ մասին ասել է «Շտապօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը, գրում է Tert.am-ը:

Հարցին, թե բժիշկների համար այնտեղ կա՞ սնունդ, մնալու պայմաններ, Ստեփանյանը պատասխանել է. «Դե, մենք հիմա նոր սնունդ ենք ուղարկել մեր բժիշկներին: Իսկ խումբը չի ուզում մեզնից սնունդ, մենք կոնկրետ բժիշկներին ենք ուղարկում: Ուղարկել ենք ուտելիք, որովհետև սոված էին, դեղորայքի արկղ ենք ուղարկել, որ իրենց մոտ դեղորայք լինի»:

Հարցին, թե ի՞նչ վիճակում են այնտեղ գտնվող աշխատակիցները, «Շտապօգնության» տնօրենը պատասխանել է. «Նույն վիճակում են: Ամեն դեպքում, այնպես չի, որ հաճելի է, որ չեն կարողանում դուրս գալ: Էնտեղից ոչինչ չեն ասում»։

Հարցի, թե չե՞ն պատրաստվում արդյոք հերթափոխ ուղարկել, քանի որ ապստամբները պատրաստ են նոր հերթափոխի դիմաց բաց թողնել բժիշկներին, Ստեփանյանն ասել է, որ նման քայլի համար պետք է հասկանալ՝ ով կհամաձայնի գնալ:

«Էնպես չի, որ շատ հեշտ է մարդկանց համոզել, ասել՝ գնացեք, և դուք էնտեղ պետք է հերթապահեք: Դա շատ լուրջ խնդիր է, որ բժիշկը վեր կենա, գնա ու չիմանա՝ ինչքան ժամանակ կմնա այնտեղ: Մենք նորմալ առաջարկ ենք արել, որ այսուհետ չեզոք գոտում ենք օգնություն տրամադրելու: Այսօրվա դրությամբ այնտեղ մեր աշխատողների մեջ կա կին, ինչքանո՞վ է նորմալ, որ էդ կինը էնտեղ այդքան երկար մնա այդ տղամարդկանց մեջ»։

Հարցին, թե իրենց համակարգում տղամարդ չկա՞, որ պատրաստակամ է գնալ, փոխարինել բուժքրոջը, Ստեփանյանն ասել է.

«Դա պետք է դեռ քննարկվի ու որոշվի, որովհետև իրենք չեն ուզում միայն բուժակ փոխարինել: Իրենք ուզում են, որ վիրաբուժական խումբ գնա: Կան բժիշկներ, որ պատրաստ են գնալ, բայց իրենք շտապօգնության բժիշկներ չեն»:

«Շտապօգնության» տնօրենի խոսքով՝ հուլիսի 27-ին ազատ արձակված բուժակը վատ է զգացել, և ապստամբները նրան բաց են թողել, սակայն բուժքրոջն ազատելու առաջարկը մերժվել է:

Թագուհի Ստեփանյանի խոսքով՝ գնդի տարածքում գտնվող ապստամբ վիրավորը, որը հրազենային վնասվածք ունի, վիրահատության կարիք ունի, գնդակը ոտքի մեջ է: Եվս մեկը հրազենային վիրավորում է ստացել գոտկատեղի հատվածում, սակայն նրա մարմնում փամփուշտ չկա:

Հուլիսի 27-ի առավոտյան Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խումբը պատանդել էր գնդի տարածք մտած բժիշկներին:Պատանդ էին վերցվել 4 հոգի՝ «Շտապօգնության» բուժաշխատողներ Նորայր Թևանյանը ու Սալվադոր Խեչոյանը, բուժակ Դավիթ Տոնոյանն և բուժքույր Մալինա Մարգարյանը: Նույն օրն ավելի ուշ խումբն ազատել էր բուժակ Դավիթ Տոնոյանին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---