ՔԿՎ. Արամ Մանուկյանին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում, պայմանները բավարար են

ՔԿՎ. Արամ Մանուկյանին անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվում, պայմանները բավարար են

PanARMENIAN.Net - ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ, «Սասնա ծռերի» անդամ Արամ Պավելի Մանուկյանն ապահովված է բժշկական օգնության անհրաժեշտ միջոցներով, իսկ հիվանդասենյակի սանիտարահիգիենիկ պայմանները բավարար են: Այս մասին հայտարարել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի պետ Գոռ Ղլեչյանը:

ՔԿՎ-ից պնդում են, որ Արամ Մանուկյանը ստանում է հիվանդ դատապարտյալների և կալանավորված անձանց համար օրենսդրությամբ նախատեսված և սահմանված սնունդ:

Ավելի վաղ «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանի որդու շահերը ներկայացնող Ինեսսա Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է դիմում-պահանջը բարձրաստիճան պաշտոնյաներին, որով ահազանգել է, որ «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխված Արամն անօգնական վիճակում է. պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվում, կա նաև արյան վարակ ձեռքբերելու վտանգ: Փաստաբանը դիմումն ուղարկել է արդարադատության նախարարին, Մարդու իրավունքների պաշտպանին, ԱՆ քրեակատարողական ծառայության պետին, ԱԱԾ քննչական վարչության պետի առաջին տեղակալին:

Նրա դիմումի մեջ, մասնավորապես, ասվում է. «հուլիսի 28-ին այցելել եմ «Դատապարտյալների հիվանդանոց» տեսակցելու իմ պաշտպանյալին: Աշխատակիցներն ինձ ուղեկցեցին իմ պաշտպանյալի, այսպես կոչված, «հիվանդասենյակ», որը որևէ կապ չի կարող ունենալ հիվանդասենյակի հետ, քանի որ այդ սենյակում չկար ոչ մի պայման հիվանդի բուժօգնությունն իրականացնելու համար: Նախ այդ սենյակում ի սպառ բացակայում են սանիտարահիգիենիկ բոլոր պայմանները, պատերն ամբողջությամբ բորբոսնած են: Սենյակում իմ պաշտպանյալը միայնակ անօգնական պառկած էր և որևէ բուժաշխատող առկա չէր: Սենյակի հակահիգիենիկ, անմխիթար վիճակն այն աստիճան ծայրահեղ վատ էր, որ իմ պաշտպանյալը կարող է անգամ արյան վարակ ստանալ:

Նոր վիրահատված և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովված չէին ոչ միայն տարրական հիվանդասենյակի պայմանները, այլ նաև՝ սնունդը, քանի որ իմ պաշտպանյալի մոտ դրել էին ընդամենը մեկ կտոր սև հաց, պանիր և կարագ, այն դեպքում, երբ հետվիրահատական շրջանում իմ պաշտպանյալին անհրաժեշտ է ապահովվել հատուկ սննդակարգով:

Պետությունը պոզիտիվ պարտականություն ունի հետվիրահատական շրջանում գտնվող իմ պաշտպանյալի համար ապահովվել համապատասխան պայմաններ և նրան «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից տեղափոխել «Էրեբունի» ԲԿ-ը կամ որևէ այլ քաղաքային հիվանդանոց կամ ապահովել հիվանդանոցային այնպիսի պայմաններով, որն ընդունելի կլինի, այլ ոչ՝ անմարդկային և նվաստացուցիչ:

Ելնելով նշված փաստերից և ղեկավարվելով ՄԻԵԿ 3-րդ հոդվածով՝ խնդրում եմ 2 օր առաջ վիրահատված, շնչառական ապարատները անջատած և ծանր վիճակում գտնվող իմ պաշտպանյալ Արամ Պավելի Մանուկյանին «Դատապարտյալներ հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից՝ նվաստացուցիչ և անմարդկային պայմաններից, տեղափոխել մեկ այլ քաղաքային հիվանդանոց և ապահովել մարդկային պայմաններում ապաքինումը»:

Հուլիսի 17-ից «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբը գրավել է ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը: Հուլիսի լույս 27-ի գիշերը իրավապահների հետ ՊՊԾ գնդի տարածքում տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ընթացքում վիրավորվել են զինված խմբի անդամներ Պավել Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը, ինչպես նաև իրավապահներից մեկը: Երեքն էլ անմիջապես տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---