ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցում են «Սասնա ծռերի» անդամներին

ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցում են «Սասնա ծռերի» անդամներին

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր՝ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին և ձերբակալված այլ անձանց տեսակցելու և նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:

Այս պահին այցելություն է իրականացվում նաև ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու համար Պավել Մանուկյանին և այնտեղ գտնվող խմբի մյուս անդամներին: Այցի նպատակն է նաև ուսումնասիրել նրանց պահման պայմանները և բուժօգնության կազմակերպման վիճակը, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:

«Սասնա ծռերը» գրավել են Էրեբունու ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին՝ փաստացի, պահելով այն վերահսկողության տակ համարյա 2 շաբաթ: Գրոհի ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հուլիսի 30-ին սպանվել է ոստիկան Յուրա Տեփանոսյանը:

Հուլիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված, իր որակմամբ, հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

«ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», - ասվում է ԱԱԾ հայտարարությունում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---