ՄԻՊ-ը ոստիկանական բռնության մասով նյութերն ուղղարկել է դատախազություն

ՄԻՊ-ը ոստիկանական  բռնության մասով նյութերն ուղղարկել է դատախազություն

PanARMENIAN.Net - Երևանի Խորենացի փողոցում և Սարի թաղում հուլիսի 29-ին և 30-ին տեղի ունեցած խաղաղ հավաքների ընթացքում քաղաքացիների նկատմամբ Ոստիկանության ծառայողների կողմից գործադրած բռնության, նրանց կողմից հատուկ միջոցների կիրառման, դրանց հետևանքով հավաքների մասնակիցներին, ինչպես նաև Սարի Թաղի բնակիչներին պատճառված վնասների վերաբերյալ հաղորդումներն ու նյութերը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

Հաղորդումներն ու նյութերն ուղարկվել են քրեական հետապնդման հարուցման հարցը լուծելու նպատակով:

Ուղարկված նյութերը վերաբերում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ քաղաքացիական հագուստով, քաղաքացիների պնդմամբ, ոստիկանների գործողություններին, տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմը:

Էրեբունու ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի աջակիցները հուլիսի 29-ին հերթական հանրահավաքն անցկացրեցին Ազատության հրապարակում: Հանրահավաքից հետո նրանք երթով շարժվել են դեպի Խորենացի փողոց, որտեղ գտնվում է ՊՊԾ գունդը, սակայն կեսից ցուցարարների մի մասը թեքվել է դեպի Սարի թաղ՝ հավաքվելով այնտեղ: Ոստիկանությունը ցրել է ցույցերը՝ հատուկ միջոցների կիրառմամբ, ծեծվել են բազմաթիվ քաղաքացիներ, լրագրողներ:

Տուժել է 73 քաղաքացի (5-ը՝ ոստիկան, նրանցից մեկը հրազենային վիրավորում է ստացել գնդի մերձակայքում փոխհրաձգության ընթացքում): Բերման է ենթարկվել 165 մարդ, ձերբակալվել է 26-ը:

«Սասնա ծռերը» գրավել են Էրեբունու ՊՊԾ գունդը հուլիսի 17-ին՝ փաստացի, պահելով այն վերահսկողության տակ համարյա 2 շաբաթ: Գրոհի ժամանակ զոհվել է գնդապետ Արթուր Վանոյանը, հուլիսի 30-ին սպանվել է ոստիկան Յուրա Տեփանոսյանը:

Հուլիսի 31-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ հուլիսի 30-ին և 31-ին ՀՀ Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքի ազատագրմանն ուղղված, իր որակմամբ, հակաահաբեկչական օպերացիան ավարտվել է:

«ՀՀ իրավասու իրավապահ մարմինների հատուկ նշանակության ստորաբաժանումներն իրենց հետևողական և համաձայնեցված գործողություններով ստիպել են զինված խմբի անդամներին վայր դնել զենքը և հանձնվել իշխանություններին: Ձերբակալվել է 20 ահաբեկիչ: ՊՊԾ գնդի տարածքն ամբողջությամբ ազատագրված է», - ասվում է ԱԱԾ հայտարարությունում:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---