Երևանի ոստիկանապետը խիստ նկատողություն է ստացել, ներքին զորքերի հրամանատարի եղբոր լիազորությունները դադարեցվել են

Երևանի ոստիկանապետը խիստ նկատողություն է ստացել, ներքին զորքերի հրամանատարի եղբոր լիազորությունները դադարեցվել են

PanARMENIAN.Net - Հուլիսի 19-ին Երևանի Խորենացու փողոցում և հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի առիթով իրականացվող ծառայողական քննության նախնական արդյունքների հիման վրա ՀՀ կարգապահական պատասխանատվության են ենթարկվել մի շարք ոստիկաններ:

Ինչպես հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից, ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու` ենթակա ուժերը հասարակական կարգի պահպանման ու հասարակական անվտանգության ապահովման ուղղությամբ ճիշտ չտեղաբաշխելու, իրավիճակից բխող պատշաճ միջոցառումներ չձեռնարկելու, պահպանվող անվտանգության գոտի երթի մասնակիցների մուտքը ժամանակին չսահմանափակելու, ինչպես և քաղաքացիների ու լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու և լրագրողական տեխնիկան վնասելու դեպքերը կանխելու ուղղությամբ բավարար միջոցներ չձեռնարկելու համար նկատողություն և խիստ նկատողություն է հայտարարվել մի շարք ոստիկանների: Նրանց թվում են Երևանի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Կարապետյանը, ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Խաչատուր Ավետիսյանը, ՊՊԾ ոստիկանության գնդի հրամատարի տեղակալներ, ոստիկանության գնդապետեր Հրայր Հայրապետյանն ու Մկրտիչ Անտոնյանը, ՊՊԾ ոստիկանության գնդի 3-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Խաչատուր Հովակիմյանը և այլոք:

Բացի այդ, մի շարք ոստիկանների լիազորությունները դադարեցվել են: Նրանց թվում են ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի պետի տեղակալ, գնդապետ Լեռնիկ Երանոսյանը (Ներքին զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի եղբայրը), Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքի պետի տեղակալ, ոստիկանության կապիտան Արմեն Հարությունյանը և այլոք:

«Հիշյալ անձանց վերաբերյալ ծառայողական քննության նյութերը ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն`նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու հարցը լուծելու նպատակով», - նշվում է հաղորդագրությունում:

Հուլիսի լույս 29-ի գիշերը Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելու ընթացքում բերման էր ենթարկվել 165 մարդ, 73-ը հոսպիտալացվել էր: Ցուցարարներից բացի տուժել էին լրագրողներ ու Սարի թաղի հասարակ բնակիչներ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---