Փաշինյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱԱԾ տնօրենին

Փաշինյանը պահանջում է պատասխանատվության ենթարկել ԱԱԾ տնօրենին

PanARMENIAN.Net - ՀՀ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը գրությամբ դիմել է Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանին՝ կարծիք հայտնելով, որ «ԱԱԾ տնօրեն Գեորդի Կուտոյանի արարքում հանցակազմ կա»:

Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրություն է տեղադրել, որում մասնավորապես ասվում է.

«Պարոն Շահինյան, հուլիսի 28-ին այցելել եմ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության շենքին հարակից ընդունարան, ներկայացրել եմ ԱԺ պատգամավորի վկայականս և ընդունարանի աշխատակցին տեղեկացրել, որ պատրաստվում եմ «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված կարգով մուտք գործել ԱԱԾ Ձերբակալվածների պահման վայր:

Ընդունարանի աշխատակիցը ինձ խնդրել է սպասել, որոշ ժամանակ անց ասել է, որ իրեն հրահանգված է ինձ ներս չթողնել: Համբերատար բացատրել եմ վերը հիշատակված օրենքի դրույթները, որից հետո ընդունարանի աշխատակիցը ինձ նորից խնդրել է սպասել:

Բավական ժամանակ սպասելուց հետո նորից մոտեցել եմ ընդունարանի աշխատակցին՝ պարզելու համար, թե ինչու՞մն է խնդիրը: Վերջինս տեղեկացրել է, որ հարցը զեկուցվել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին եւ իրենք սպասում են վերջինիս հրահանգին: Որոշ ժամանակ անց ինձ ասվեց, որ ինձ առանց որեւէ բացատրության արգելվում է մուտք գործել ԱԱԾ ՁՊՎ:

Գտնում եմ, որ նման արգելք հարուցելը հանցագործություն է: ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանը թույլ է տվել հանցագործություն, որը համապատասխանում է ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներին, այն է՝ պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին»:

Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ ելնելով վերը նշվածից՝ միջնորդում է ձեռնարկել ՀՀ օրենսդրությամբ նախատեսված միջոցներ եւ քրեական պատասխանատվության ենթարկել ԱԺ պատգամավորի օրինական իրավունքների իրացմանը խոչընդոտած անձանց:

«Սասնա ծռերին» այցելելու վրա արգելք կա. պատգամավորներին մերժում են: Օգոստոսի 3-ին ԱԺ ԲՀԿ Խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը հայտնել է, որ պատգամավոր Լյովա Խաչատրյանի հետ օգոստոսի 3-ին այցելել են ԱՆ Նուբարաշենի ՔԿՀ՝ տեսակցելու վերջին դեպքերից հետո երկամսյա ժամկետով կալանավորվածներին, սակայն մերժում ստացել: Ավելի վաղ «Սասնա ծռերին» չի հաջողվել տեսակցել նաև ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին: Նա օգոստոսի 1-ին իր ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն է տարածել, թե «Սասնա ծռեր» խմբի անդամներին տեսակցելու նպատակով այցելել է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ, սակայն ՔԿՀ մուտք գործելու` ԱԺ պատգամավորի իր իրավունքը խոչընդոտվել է ՔԿՎ ղեկավարության կողմից:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից տեղեկացրել են, թե «Փաշինյանը ցանկություն է հայտնել տեսակցել կալանավորված անձանց հետ, որոնց տեսակցության իրավունքը սահմանափակված է նախաքննության մարմնի որոշմամբ, ուստի վերջինիս պահանջը օրենսդրության պահանջներին համապատասխան իրավաչափորեն մերժվել է քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից»:

15 օր շարունակ Հայաստանի ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքը գրաված պահելուց հետո, հուլիսի 31-ին զինված խմբի անդամները վայր դրեցին զենքն ու հանձնվեցին իրավապարներին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---